Դերասան Սեպուհ Սպիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «այսօր վերջնականապես հիասթափվեցի և էլ ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի եվ Հայաստանը այլեվս չեմ ուզում համարել իմ հայրենիքը… Անչափ «ցնցված» եվ «հիացած» մեծն Ճանապարհային Ոստիկանություն' «փոսի գայի» մականվամբ, վերաբերմունքից և աշխատանքից:
Նման գրառման պատճառը ՃՈ կողմից 200. 000 դրամի չափով տուգանվելու հանգամանքն է: Որպես Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար չէի կարող անարձագանք թողնել դերասանի հայտարարությունը: Ամենևին չէի ցանկանա անդրադառնալ թեմային, բայց նկատի ունենալով Ս. Ապիկյանի անձը, կարծում եմ դա անհրաժեշտ է: Պարզաբանեմ հերթականությամբ.


Ցանկացած քաղաքացի, անկախ զբաղեցրած պաշտոնից, հասարակության շրջանում ճանաչում ունենալու հանգամանքից, օրենքի առաջ պատասխանատություն է կրում, եթե խախտել է այդ օրենքը: Պրն Ապիկյան, ստիպված եմ հասարակության լայն շրջանակի դատին հանձնել այն, ինչ իրականում տեղի է ունեցել ս.թ. մայիսի 23-ին 22.10-ի սահմաններում: Քանի որ ձեր գրառումը կարդացող յուրաքանչյուր մարդու մոտ թյուր կարծիք կձևավորվի ՃՈ հանդեպ:


Եվ այսպես. 23.05.2014 թ. քաղաքացի Ս. Ապիկյանը միանգամից մի քանի խախտում է թույլ տվել: Այն է՝ ոչ սթափ վիճակում, չունենալով վարորդական իրավունքի վկայական և չհաշվառված «ՄՏՌ» մակնիշի առանց հաշվառման համարանիշի մոտոցիկլետը վարել է Երևւան քաղաքի Բագրևանդի փողոցով Քոչինյան փողոցի կողմից աջ մայթեզրից մեկ-երկու մետր հեռավորությամբ 40-ից 45 կմ/ժամ արագությամբ՝ Մոլդովական փողոցի ուղղությամբ՝ խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24 հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի, նույն օրենքի 18-րդ կետի «գ» ենթակետի, նույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի պահանջները, մոտենալով թիվ 36 էլեկտրական սյան դիմաց Ս. Ապիկյանը թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ և 66-րդ կետերի պահանջները՝ այն է՝ մոտոցիկլետը վարել է հաշվի չառնելով ճանապարհի ծածկույթը, որը տվյալ պահին եղել է թաց և չի ընտրել այնպիսի արագություն, որ կարողանար լիարժեք կառավարել տրանսպորտային միջոցը: Կորցնելով տրանսպորտային միջոցի կառավարումը կողաշրջվել է և սահելով դուրս գալով դեպի հանդիպակաց ուղեմաս բախվել է դիմացից երթևեկող, բայց տվյալ պահին կանգնած վիճակում գտնվող Անդրանիկ Գրիգորյանի վարած ՎԱԶ 2107 32 DS 674 համարանիշի ավտոմեքանային՝ պատճառելով գույքային վնաս: Վերոգրյալը հիմնավորվել է վթարի վայրում կազմված սխեմայով, որը կազմվել է ընթերականների ներկայությամբ, տրանսպորտային միջոցների զննության արձանագրություններով, Սեպուհ Ապիկյանի և մյուս վարորդի բացատրությունեներով, բժշկական վկայարկման արձանագրությամբ և գործի նյութերով:
Հարգելի պրն Ապիկյան, բարեբախտաբար ձեր անպատասխանատու պահվածքը լուրջ հետևանքներ չի առաջացրել: Ինձ համար անհասկանալի և զարմանալի է, որ դուք խոսում եք հայրենիքից, հայրենասիրությունից և ասում թե հիասթափվել եք: Հայրենիքը բոլորինս է և սիրել այն, չի նշանակում միայն գեղեցիկ բառեր կամ նախադասություններ ձոնել: Հայրենիքը սիրել նախ և առաջ իմ պատկերացմամբ այդ հայրենիքի օրենքը, կարգ ու կանոնը հարգել է նշանակում: Նորից եմ կրկնում, բարեբախտաբար ծանր հետևանք չի ունեցել ձեր այսպես ասած «վոյաժը»: Հետևաբար տեղին չէ բարոյականության մասին ձեր շահարկումը: Հիմա այն մասին, թե ինչու եք տուգանվել 200. 000 դրամի չափով: Դուք օրենքի միանգամից երեք հոդված եք խախտել և դրանցից յուրաքանչյուրը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանձին առանձին: Օրենքով սահմանված կարգով ձեզանից արյան փորձանմուշ է վերցվել, արդյունքում հայտնաբերվել է 1.3 /գրամ-լիտր/ ալկոհոլ, մասնագետները կհասկանան, որ սա համարվում է 2-րդ աստիճանի հարբածություն և սահմանված տուգանքի չափը 150 .000 դրամ է: Բայց քանի որ առհասարակ վարելու իրավունք էլ չեք ունեցել օրենքը նախատեսում է տուգանք 200. 000 դրամի չափով: Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքի համաձայն մի քանի հոդվածով խախտում կատարելու դեպքում քաղաքացին պատասխանատվության է ենթարկվում առավելագույն տուգանքով՝ տվյալ դեպքում 200.000 դրամի չափով: Նույն այն հայրենիքի օրենսդրությունն է նախատեսում դա, որից պրն Ապիկյան, անարդարացիորեն հիասթափվել եք: Քանզի հայրենիքը հաստատ ձեզ չի խնդրել կամ դրդել ոչ սթափ վիճակում մեքենան վարել, խախտում կատարել: Հուսով եմ, պարզաբանումը առավել քան հստակ էր: Ձեր թույլ տված խախտումների և ՃՈ կիրառած տուգանքի համադրությամբ, պրն Ապիկյան ով է առավել մեղավոր դուք, որ առանց փաստաթղթի, ալկոհոլ օգտագործած վիճակում, առհասարակ վարորդական իրավունք չունենալով տրանսպորտային միջոց եք վարել ու բախվել այլ մեքենայի, թե Ճանապարհային ոստիկանությունը, որ վարչական պատասխանատվություն է կիրառել: Ձեր ասած «փոսի գայի» մականվամբ ՃՈ-ն ընդամենն առաջնորդվել է օրենքով: Մի դիտարկում էլ՝ «փոսի գայի» ձևակերպումն ամենևին էլ մականուն չէ, բնորոշումը Ձեր պես վարորդներն են տվել շատ վաղուց:


Հուսամ, պրն Ապիկյան, որ որ այսուհետ կպահպանեք երթևեկության կանոնները և առիթ չեք ունենա շփվելու Ճանապարհային ոստիկանության հետ, հակառակ դեպքում կրկին հիշեցնեմ, որ օրենքի առաջ բոլորն են հավասար: Մաղթում եմ Ձեզ անվտանգ երթևեկություն:

 

 

Արսեն Արշակյան