Հոգևոր ընկերներ, ձեզնից շատերին անգամ դեմքով չեմ ճանաչում, բայց գիտեմ, որ կաք, որ պայքարում եք ու փորձում եք ապրել, ապրեցնել սիրո պակասից փոշոտված, մեռնող Երևանը:

 


Մեր Երևանից, մեր տեսակի Երևանից, որը սիրո, ծաղկման, արվեստի, Մարդկանց քաղաք էր ՝ ոչինչ չեն թողել: Սպանել են, ինքներս ենք սպանել: Մեղավոր ենք թեկուզ այն պատճառով, որ ուշ մեծացանք/հասունացանք պայքարը հասկանալու ու պայքար ապրելու համար:

 


Արժեհամակարգը ոչնչացված է: Մի քանի սերնդի արժեհամակարգը խախտված է , քանի որ երկրի արժեհամակարգն է խախտված և ՝ հակառակը: Ոչինչ իր տեղում չէ վաղուց ու այլևս:
Հիասթափությունը կուլ է տվել ու տալիս բոլորիս հատ-հատ: Խեղդվում ենք էս միփողոցանի քաղաքում: Միփողոցում էլ միտուն է մնացել՝ մի տուն լուսավոր մարդ: Մի մարեք, Մարդիկս: Մի լքեք ուրվական դարձող երկրի, միքաղաքի միփողոցի տունը՝ կես տուն էլ չի մնա ու կաներևութանանք:

 

 

Խեղդվում ենք ՝ միջավայրը չկա ապրելու: Շունչներս առել են: Քաղաքը դարձել է արհեստական՝ արհեստական մարդկանց համար: Մի քանի պտույտ ու տարածքը վերջանում է: Մարդիկ՝ դատարկ, անժպիտ, անհոգի: Կուլ են տալիս, երբ տարբեր ես, որ սնվեն քեզնով: Իմ աշխարհը սպանել են էս քաղաքում:

 

 

Բայց եկեք նորից ստեղծենք: Թող քանդեն ՝ մենք ստեղծենք ու էդպես հարատև:
Եկեք իրարով ապրենք, իրարով շնչենք: Իրար չնեղացնենք:

 

 

Ու կստացվի, որ կա Երևանի միջուկը, հոգին՝ մենք ենք: Մենք կշատանանք,կբազմանանք, ամեն գնով կպահենք ու կստեղծենք՝ ի վերջիո չարը կսպանվի:

 

 

Մենք ենք հիմա շունչը էս երկրի: Մենք ենք ճարտարապետությունը, երաժշտությունը, նկարչությունը, դեմքը էս երկրի:

Մահին դրել ենք գահին, մանգաղը տվել ենք ձեռքը ՝ հնձում է: Դա մեր որոշումն է եղել: Ու ինչքան հնարամիտ ենք գտնվել նրան գահ տալու ՝ նույնքան հնարամիտ պիտի լինենք էնտեղից հեռացնելու համար:

Չի ստացվում: Գիտեմ: Փողոցում ՝չի ստացվում: Տանը ՝ չի ստացվում: Բայց պարտավոր ենք:

Ես էլ եմ հիասթափված: Փողոց դուրս չեմ գալու: Աֆրիկյանները վերջին քաղաքացիական պայքարս է: Կես տարի քաղաքացիական պայքարին չափից քիչ մասնակցելով հասա այն մտքին, որ ինչ-որ ժամանակ չեմ պայքարի քաղաքացիական պայքարով:

 

 

Պատճառները՝

 


1. Սպառվել է քաղաքացիական պայքարը, քանի որ պայքարողները չեն աճում, որպես մարդ, անվերջ վազքի, քաշքշուկների մեջ հյուծվում են: Որակական աճի համար՝ պիտի ֆիզիկապես կայուն վիճակում լինենք, իսկ մտայինը ու կրեատիվը գտնվի անընդհատ աճի ու զարգացման մեջ:

 

 

2. Սոլիդարությունը բացակայում է անընդհատ գաղափարական կռիվների պատճառով: Համախմբվելը պետք է՝ հաղթանակի, գործի արդյունավետության բոլոր կետերը դիտարկելիս: Պետք է հասկանալ, որ ունենալով տարբեր գաղափարներ՝ պիտի կարողանանք գործնական, պայքարային հարթակում միասին լինել, եթե անգամ անձնական հարթակում 5 րոպե էլ իրար չենք դիմանա: Պետք է վերջ տալ ծայրահեղությանը, որը շատերի մոտ բերել է հիմա ֆաշիզմի:

 

 

Այո, իհարկե կան ուղարկված ուժեր, որոնք անընդհատ ազդեցության տակ են գցում, պառակտում են, շեղում են պրոֆեսիոնալ ձևով՝ ինքս էլ զոհ եմ դարձել դրան: Սակայն համախմբվելու,միասին աշխատելու մեխանիզմ մշակելու, նոր պայքարային մեխանիզմների մեջ եմ տեսնում արդյունավետությունը:

 

 

3. Եվ ի վերջիո մարդու փոխվելու մեջ է խնդիրը:

(Այս երեք կետը ունենալու դեպքում ՝ մնացածը տեխնիկական խնդիրներ են:)

 

 

Ինձ հիասթափեցնում են ոչ թե պարտությունները թշնամուն, այլ անվերջ գաղափարկան կռիվները ու ատելությունը միմյանց նկատմամբ: Չգիտեմ արդյոք կգա մի օր, որ առանց իրար ծաղրելու ու կռծելու հավաքվենք մի գործնական սեղանի շուրջ: Բայց ես այս պահին այլևս չեմ կարող էդ ամենը տանել՝ անիմաստ է:

 

 

Կվերդառնամ պայքարին, բայց միայն իմ ու մեր փոխվելուց հետո:

Ձեր ու Հայաստանի Շողակաթ

 

 

Շողակաթ Վարդանյան