Ռուսաստանը շտապում է ապահովագրել իր դիրքերը Հարավային Կովկասում: Վեց տարի առաջ նա կորցրեց Վրաստանը, իսկ բոլորովին վերջերս էլ պայթեց ուկրաինական ճգնաժամը, և այս նոր պայմաններում բազմապատկվեց Ռուսաստանում անջատողական տարաբնույթ շարժումների ակտիվացման անմիջական վտանգը: Այժմ Ռուսաստանի տարածքում ապակայունացման օջախները կարող են առաջանալ անգամ Մոսկվայի մատույցներում' Կազանում կամ Ուֆայում: Հյուսիսային Կովկասը ևս վառոդի տակառ է հիշեցնում:Ըստ էության, մի իրավիճակ է ձևավորվում, երբ Մոսկվայի մատույցներից մինչև Հարավային Կովկասում ՌԴ պետական սահմանն ընկած պատկառելի սեպաձև տարածքում թյուրքական անջատողականության և տարաբնույթ կրոնական ծայրահեղական շարժումների գործունեության գոտու կտրուկ ակտիվացումն այլևս օրինաչափ կլինի: Կարծում եմ, որ Լավրովի այցը Բաքու և Երևան ու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ու Ադրբեջանի անդամակցությանը վերաբերող զարգացումները հենց այս համատեքստում է պետք դիտարկել: Քաղաքական իմաստով ես այդ վտանգն այս պահին չեմ տեսնում: Սա չի նշանակում, որ Ադրբեջանը չի փորձի ԵՏՄ-ի ձևավորման հետ կապված գործընթացներն օգտագործել Արցախի հարցում ինչ-որ առավելությունների հասնելու համար, սակայն, գոնե այս պահի դրությամբ, չի երևում Ադրբեջանի կողմից նախաձեռնելիք մի այնպիսի քայլ, որին Հայաստանը չկարողանա հակադարձել քաղաքական, դիվանագիտական կամ ռազմական միջոցներով: Մեր մտահոգությունը պետք է կապված լինի մեր իսկ դաշնակիցների պահվածքի հետ' ծանր իրավիճակում նրանք կարող են փորձել իրենց տեսանկյունից հեշտ լուծումների միջոցով ժամանակավորապես մեղմել մեր տարածաշրջանում ունեցած սեփական ահռելի խնդիրները:Հայաստանի հետ կապված խնդիրները Նազարբաևի չարամտությանը վերագրելը մանկամտություն է: Հարկավոր է հստակ գիտակցել, որ Նազարբաևն անձնապես Ռուսաստանի վստահելի ու կայուն գործընկերն է, և դրա համար նա ունի նաև լրջագույն անձնական պատճառներ: Առաջիկայում ԵՏՄ մեր բարեկամ հիմնադիր-պետությունները շատ ջանքեր են գործադրելու Ադրբեջանին սիրաշահելու և իրենց կողմը քաշելու նպատակով: Սա կենսական կարևորություն ունի ինչպես' Ռուսաստանի, այնպես էլ' նախագահ Նազարբաևի համար:Այդքանով հանդերձ, կարիք չկա այդ ջանքերը որպես ընդգծված հակահայկական պահվածք ընկալել: Հայկական կողմը պարզապես պետք է սկսի աշխատել ու կանխել իրադարձությունների բացասական զարգացումը, այլ ոչ թե քարշ գա դրանց ետևից ու գործ ունենա արդեն իսկ կատարված ու անշրջելի իրողությունների հետ: Երկար տարիների ընթացքում արցախյան հակամարտությունը հնարավորություն էր տալիս Ռուսաստանին պահպանելու սեփական դիրքերը Հարավային Կովկասի գոնե մի մասում և այստեղ ռազմակայան ունենալ: Այժմ մերձկրեմլյան իմաստուններից ոմանք, երևի թե, սկսել են մտածել, որ այդ հակամարտությունը վերածվել է ռուսական ներկայությունն ընդլայնելուն խոչընդոտող գործոնի: Նրանք սխալվում են. հենց պարզունակ քաղաքական մոտեցումները պատճառ դարձան, որ Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի հետ պատերազմի հասցվեցին:

 

 

Արման Մելիքյան