Անհաղթ հերոս Քաջ Նազար, որ մին զարկի՝ ջարդի հազար... Չբավարարվելով պար-պապարների, տաշի-տուշիների, այգեպան-կովբոյ կերպարի բերած փիառ-միավորներով՝ վարչապետ Աբրահամյանը որոշել է կրկնել Նազարի սխրանքը՝ թագավոր դառնալու ակնհայտ մարմաջով: Դե էլ ինչ թագավոր, որ ամեն զարկին չջարդի հազար, իսկ քանի որ գյուղատնտես Հովիկը լավ գիտի, որ հազարով ամենահեշտը միջատներն են ջարդվում, որոշել է ընտրել թագավոր դառնալու այդ ուղին... Թեկուզ նազարաբար... Թագավորը մնում է թագավոր,,,

 

Եվ այսպես, թագավոր դառնալու առաջին լուրջ քայլը արված է, կառավարությունը որոշել է ջախջախել Ջերմուկի ըմբոստ խայթող մոծակների զորախումբը: Պատրաստ է անգամ պատմության դասագրքերում այս դրվագի անվանումը՝ Հովիկ Միջատասպանի ջերմուկյան արշավանքներն ու միավորիչ գործառույթը...

 

Եվ այսպես.

 

«Կառավարությունը այսօրվա նիստին որոշում է կայացնելու Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարելու համար գյուղատնտեսության նախարարությանը հատկացնելու է 4.576.300 դրամ»:

 

Պատմական նոստալգիկայից անցնենք իրականությանը:

 

Հասկացանք, ճշգրիտ, անգամ կոպեկներով գրված է, թե ինչքան գումար են տալիս: Գրված չէ՝ ինչ է արվելու այդ գումարով: Այսինքն՝ քաղաքացիների գրպանից փող է հատկացվում մոծակային ցեղասպանության համար, բայց չի ասվում, թե ինչպես է դա արվելու՝ թողնելով շարքային սպառողիս երևակայությանը:

 

Միգուցե կառավարությունը այդ գումարներով ձեռք է բերելու թսան բլոճներ, որոնց հոտից շշմած մոծակները Վայոց ձորից նետվելու են մոտակա մարզեր?

 

Միգուցե ձեռք են բերվելու նանո-պարսատիկներ?

 

Բժշկական միջամտությամբ ամորձատվելու են որձ մոծակները՝ հետագա բազմացումը կանխելու և ինքնաոչնչացման համար?

 

Մոծակներին բերելու են հարկային դաշտ և պարտադրելու են խայթելուց հետո ՀԴՄ կտրոն տրամադրել?

 

Բերելու են քաղաքական դաշտ, որտեղ անտերությունից կսատկեն?

 

Կերակրելու են վարչապետի աճեցրած լոլիկներով?

 

Ստիպելու են, որ ունկնդրեն Արտաշես Գեղամյանի ելույթները?

 

Գաղջ մթնոլորտ են տարածելու, որ մոծակները արտագաղթեն?

 

Նրանց համար ֆեյսբուքյան էջեր են բացելու, որտեղ կորցնեն բանականության վերջին հատիկը և ինքնաոչնչանան?

 

Համացանցում ռուս մոծակների նկարներ են տարածելու, որ գրգռվեն ու ընկնեն Ռուսաստանի չոլերը?

 

Եվ ընդհանրապես, ինչպես են տարբերակելու՝ որ միջատին են ոչնչացնում, որին ոչ: Այդ վեհ առաքելությանը կարող են զոհ գնալ տասնյակ հազարավոր միանգամայն անմեղ միջատներ: Պատկերացնու՞մ եք ապագայում Սերգո Կարապետյանի արձանի տեղադրման շուրջ բարձրանալիք աղմուկը, երբ նրան կմեղադրեն անմեղ մոծակներին Հովիկ Աբրահամյանի հրամանով ոչնչացնելու մեջ...

 

Իսկ եթե ավելի լուրջ, ապա աշխարհում վաղուց գոյություն ունեն խայթողների դեմ պայքարելու բազմաթիվ, անհատական միջոցներ՝ մատչելի բոլորին: Պետք չէր ծիծաղի առարկա դառնալ, որովհետև դեռ ոճ մի երկիր ոչ մի գումարով չի կարողացնել կասեցնել մոծակների անսասան երթը...

 

 

Վարուժան Բաբաջանյան