Գեղեցիկ երևալ կարող են բոլորը. լավ վարսահարդար, ավելի լավ դիմահարդար և ահա այսօր դու միջավայրի փայլն ես: Այլ բան է գեղեցկությունը պահպանել կարողանալը, որը հաջողվում է նրանց, ովքեր դրա համար ունեն բավարար համբերություն և գիտելիք: Առաջարկում ենք 11 պարզ կանոններ, որոնց օգնությամբ դու կպահպանես քո գեղեցկությունը' առանց ավելորդ ջանքերի և ֆինանսաթափման:


1 Մեջքդ' ուղիղ


Իդեալական կեցվածք ունենալու համար աշխատանքներ տար ոչ միայն տանը, այլ նաև աշխատավայրում' ընդմիջման ժամանակ: Կանգնիր հայելու առաջ, փորդ ներս քաշիր, թեթևակի լարիր հետույքիդ մկանները, ուղղիր ուսերդ, կուրծքդ' առաջ: Այս փոքրիկ խորամանկ քայլերը երաշխավորում են, որ դու ավելի բարձրահասակ և բարեկազմ կերևաս:
Խորհուրդ ենք տալիս նաև 2 վարժություն' տանը կատարելու համար.
ա) պառկիր փորի վրա, ձեռքերդ առաջ մեկնիր' ափերդ վեր բարձրացրած, բ) բարձրացրու ձեռքերդ, իսկ ոտքերդ և մարմնիդ վերին հատվածը մի կտրիր հատակից: Որոշ ժամանակ մնա այս դիրքում: Վարժությունը կրկնիր 10 անգամ:


2 Ուրախ մեկնարկ


Օրդ վառ սկսիր: Ինչքան վառ են ափսեիդ մեջ դրված մրգերի գույները, այնքան ավելի բարձր է կարոտինի պարունակությունը քո սննդի մեջ: Այդ հակաօքսիդանտը ռադիկալների լավ որսորդ է, և հիանալի հոգ է տանում մաշկի գեղեցկության մասին: Իսկ նարնջի մեկ բաժակ քամած թարմ հյութը կամ էլ մեկ բաժակ տաք ջուրը հիանալի «գործի կգցեն» քո մարսողական համակարգը:


3 Շտապ հրաժարվի՛ր ծխելուց


Օրվա ընթացքում ծխած 5 գլանակը արագացնում է մաշկի ծերացումը և բերանի շուրջ կնճիռների առաջացումը: Եթե դու անձամբ չես կարող թողնել ծխելը' դիմիր օգնության: Այսօր գոյություն ունեն այդ վատ սովորությունից ձերբազատվելու բազմաթիվ եղանակներ' նիկոտինափոխարինիչներով սկսած, ինքնաներշնչումով վերջացրած: Միայն թե ցանկություն լինի:


4 Փոփոխությունները' քայլ առ քայլ


Երկար տարիներ դու հավատարիմ ես եղել մի կերպարի, սակայն միշտ երազել ես փոփոխությունների մասին: Այդ դեպքում վարվիր այնպես, ինչպես Պենելոպա Կրուսը. վարսերիդ ցանկալի երկարությանը հասիր աստիճանաբար, քանի որ արտաքին տեսքի խիստ արմատական փոփոխությունները հաճախ կարող են ուղեկցվել սթրեսներով:


5 Ճի’շտ քնիր


Դեմքի մաշկի վիճակը մեծ մասամբ կախված է նրանից, թե ինչպես ես քնում' մեջքի, թե փորի վրա: Այտուցված կոպեր և փոքրիկ կնճիռներ քեզ չեն սպառնա, եթե սովորես քնել մեջքի վրա:


6 Մի՛ ծուլացիր


Նույնիսկ եթե անասելի հոգնած ես, այնուամենայնիվ, ստիպիր քեզ քնելուց առաջ մանրամասն մաքրել դիմահարդարանքդ, որպեսզի մաշկդ կարողանա շնչել և ամբողջությամբ վերականգնվել:


7 Առանց կոշիկների


Բարձրակրունկ կոշիկների վրա ամենօրյա անցուդարձը վնասակար է ջլերի, մկանների և ոտքի մատների համար: Այդ իսկ պատճառով սովորեցրու քեզ երբեմն բոբիկ քայլել այնտեղ, որտեղ հնարավոր է: Ժամանակ առ ժամանակ ոտքերի թուլացնող մերսումներ արա. շփիր ոտքերդ հղկված գետաքարերով, ապա մի քանի քար փորձիր բարձրացնել ոտքի մատներով: Դա ամրացնում է մկանները:


8 Թավշե «այցեքարտ»


Ձեռքերի գեղեցկությունը կախված է ոչ միայն անթերի մատնահարդարումից, այլ նաև ճիշտ խնամքից: Մի՛ մոռացիր ձեռքերի համար նախատեսված քսուք օգտագործել ամեն անգամ ջրի հետ գործ ունենալուց հետո: Աշխատավայրում ևս օգտագործիր քսուքներ, քանի որ օդորակիչներն ու համակարգիչները չորացնում են մաշկը:


9 Ճի’շտ սնվիր


Գեղեցկությունը ներսից է գալիս: Օրգանիզմի կլանած վիտամինները, հանքային նյութերը և օգտակար ճարպաթթուները յուրօրինակ «աղյուսներ» են, որոնցից հետո «աճում են» փայլուն մազեր, ամուր եղունգներ և հարթ մաշկ: Այնպես որ, քո ամենօրյա սննդակարգում ընդգրկի՛ր բարձրակարգ մթերքներ, որոնք պարունակում են սպիտակուցային պարզ նյութեր' պրոտեին: Այդ մթերքներից են պանիրը, միսը, յոգուրտը: Կեր շաքարի քիչ պարունակությամբ մրգեր և հատապտուղներ, բանջարեղեն, որոնք աճում են հողի վրա (սրանք մեծ քանակությամբ նյութեր են պարունակում, որոնք չեզոքացնում են վնասակար նյութերը):


10 Աղ քիչ կեր


Օրգանիզմում աղի մեծ քանակությունը հանգեցնում է այտուցվածության: Անցի՛ր ավելի թեթև համեմունքների: Բացի այդ,առանց աղի և սուր համեմունքների' քո համային զգացողություններն ավելի սուր կդառնան:


11 Հնարավորինս շատ ջուր խմիր


Եթե դու չոր մաշկ ունես, պարզապես խմիր հնարավորինս շատ բուսական թեյ կամ սովորական ջուր' առանց գազի: Համբուրգի համալսարանի գիտնականների տվյալներով' լավ ինքնազգացողության համար օրվա ընթացքում մենք պետք է խմենք նվազագույնը 2 լիտր հեղուկ: