Թուրքիան Իրաքում ներքաշվել է մի «խաղի» մեջ, որը հենց իր համար կարող է դառնալ կործանարար: Հենց այսպես են կարծում տարածաշրջանային վերլուծություններով զբաղվող ԻԻՀ մի շարք փորձագիտական շրջանակներ, ըստ որոնց՝ պաշտոնական Անկարան կոպիտ սխալ է թույլ տալիս՝ պաշտպանելով Իրաքում քրդական կիսանկախ ֆեդերալ ինքնավար կազմավորման դե յուրե անկախանալու իրավունքները:
Որպես հիմնավորում՝ առաջ է քաշվում այն միտքը, որ քրդական անկախ պետության գոյությունն անպայմանորեն խթանելու է Թուրքիայի ներսում քրդական անջատողական նկրտումները: Դրա վառ ապացույցն է հանդիսանում այն, որ ներկայում Թուրքիայի քրդական կուսակցությունները պահանջում են տնտեսական անկախություն Իրանի և Իրաքի սահմաններին հարող Դիարբեքիր և Հաքան նահանգների համար:
Այդուհանդերձ, Իրանում մինչև վերջ համոզված չեն, որ Թուրքիան իրաքյան քրդերի հանդեպ որդեգրած իր քաղաքականության մեջ անկեղծ է: Շատերը կարծում են, որ դա ընդամենը ժամանակավոր մարտավարական քայլ է, որի հետևանքով կթուլանա Բաղդադի շիայական կառավարությունը՝ Նուրի ալ-Մալիքիի գլխավորությամբ: Դա, իր հերթին, կարող է հարվածել Թեհրանի և Բաղդադի միջև վերջին տարիների համագործակցությանը:
Մյուս կողմից, ինչպես կարծում են իրանցի փորձագետները, Թուրքիայում անցկացվելիք համապետական ընտրությունների նախաշեմին չի բացառվում, որ Անկարայի իշխանությունները փորձում են օգտագործել «քրդական խաղաքարտը»՝ սիրաշահելով վերջիններիս՝ նրանցից ձայներ «փախցնելու» նկատառումներով:
Չի անտեսվել նաև մեկ այլ գործոն, այն է՝ տնտեսականը. ըստ այդմ՝ Թուրքիան այս պահին պատրաստ չէ բացահայտ թշնամանալ իրաքյան քրդերի հետ՝ զրկվելով Իրաքի քրդաբնակ հատվածից իր երկիր ներմուծվող նավթի հսկայական ծավալներից:
Անշուշտ, նշված բոլոր տարբերակները բավական իրատեսական են, ինչպես այն, որ Թուրքիան, գուցե գիտակցելով Իրաքի կազմից դուրս քրդական պետության ձևավորման անխուսափելիությունը, պայքարն Իրաքում քրդական անկախ պետության կազմավորման դեմ այլևս ժամանակավրեպ է համարում: Բացի այդ, չպետք է մոռանալ նաև ծայրահեղ իսլամականների գործոնը, որոնք լուրջ սպառնալիք են Թուրքիայի համար, իսկ իրաքյան քրդերի ձևավորած անկախ պետությունը տվյալ դեպքում կարող է «պատնեշ» դառնալ Թուրքիայի և ծայրահեղականների միջև:
Ռուդիկ Յարալյան