ՈՐԴԻՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼՔԵԼ ՄԱՅՐԵՐԻՆ
Նա իմ սրտի մեջ է, իմ երակներում
Ես պիտի Արմենին արժանի մայր լինեմ
…Ես սուրճը թափում եմ թղթերիս վրա։ Իմ առջև նստած սևազգեստ, բարետես կինը օգնում է մաքրել սեղանը։ Արմեն Հովհաննիսյանի մայրն է՝ տիկին Մարինեն։ Բոլորովին վերջերս նրա միակ որդին հայրենիքը պաշտպանելիս, ընկերների կյանքը փրկելով, զոհվել է, բայց չի լքել մարտական դիրքը։ Ես բազմաթիվ մեկը մյուսից խելոք հարցեր եմ պատրաստել՝ որպես մուտք, որպես սկիզբ… Բայց հիմա դրանք այնքան անպատեհ ու անիմաստ են թվում։ Լռությունը ձգվում է… ու հանկարծ ես լսում եմ կնոջ ձայնը։ Ժպտո՞ւմ է, թե ինձ թվաց…
-Արմենս այնքան սիրուն, փարթամ երեխա էր, որ ծնվեց… բոլորը ասում էին՝ առանձնահատուկ տղա է, տարբեր հիվանդասենյակներից գալիս էին, որ տեսնեն տղայիս… Երեք քույրերից հետո Արմենիս ծնունդը, իրոք, երջանկացրեց բոլորիս։ Հայրը ցնծում էր, պապիկը, տատիկը… այնքան երկար էինք սպասել Արմենին։ 18 տարեկանում մահացած հորեղբոր անունն էինք դրել։ Գուցե դա էր պատճառը, որ պապն ու տատը, հայրը անսահման էին սիրում Արմենիս…
-Հավանաբար երես եք տվել։ Ասում են՝ հայ մայրերը որդիապաշտ են։
-Շատ ենք սիրել, բայց երես չենք տվել։ Ես էլ, ամուսինս էլ խիստ ենք եղել երեխաների հանդեպ, չենք հանդուրժել որևէ վատ արարք, միշտ հետևել ենք, ուղղել, խրատել, ոչինչ աչքաթող չենք արել։ Եթե, իրոք, սիրում ես զավակիդ, պիտի երես տալով չփչացնես նրան, այլ այնպես անես, որ լավ մարդ մեծանա…
-Լավ մա՞րդ… Հայրենասեր, սխրագործ ասեք։
-Չէ, ես անկեղծ կլինեմ, մտքովս չի անցել սխրագործ մեծացնել։ Հայրենասիրության մասին էլ չեմ մտածել։ Ցանկացել եմ, որ որդիս արժանապատիվ, գթասիրտ, պատասխանատու մարդ դառնա… կանգնի թույլի կողքին, օգնի կարիքավորին, ձեռք մեկնի ընկածին, ազնիվ լինի, իր կարծիքն ունենա… Երբեք չեմ թողել, որ պաղպաղակի թուղթը նետի փողոց, ճնշի թույլին, աչքաթող անի դասերը, վիրավորի մեծերին…
-Գուցե, հենց այդպես է սկսվում իսկական հայրենասիրությունը… Իսկական հերոսը։
- Իմ տղան սովորական տղա էր իր հասակակիցների նման։ Արմենիս սիրում էին և՛ դպրոցում, և՛ շրջապատում։ Շատ ընկերներ ուներ, շատ-շատ։ Զորակոչվելուց առաջ նշիկները վիրահատեցինք։ Հիվանդասենյակի դուռը չէր փակվում, ընկերները մեկը մյուսի հետևից գալիս-գնում էին։ Իմ տղան իր վրա պատասխանատվություն վերցնող տեսակ էր, վճիռներ կայացնող, համախմբող… Ավարտական դասարանում էր, երբ ստիպված էինք փոխել մեր բնակարանը և տեղափոխվել Ավան։ Արմենս, բնականաբար, պիտի փոխեր դպրոցը։ Ասաց՝ չեմ ուզում թողնել ընկերներիս… Ու մի խանութում ընդունվեց աշխատանքի, որ Ավանից Նորքի զանգվածի դպրոց հասնելու ուղեվարձը մեզնից չվերցնի…
Գիտեք, հիմա ես երկու մարդ եմ դարձել, մեկը ես եմ, որ ապրում եմ իմ ահռելի ցավի մեջ, մյուսը նա է, ով խոսում է ձեզ հետ… Ով գնում է ստանալու իր որդու «Արիության մեդալը», «Հայրենիքին մատուցած ծառայության համար» մեդալը… Ով քայլում է, ժպտում է, պատմում է։ Ձեզ հետ սուրճ է խմում…
-Չկա մի բան, որ կմխիթարեր Ձեզ, կսփոփեր… մի քիչ…
-…
-Չկա՞…
-Թերևս այն միտքը, որ տղայիս տարիքի ութ տղաներ այսօր ապրում են, շնչում, երազում, վայելում կյանքը՝ տղայիս ընդհատված կյանքի շնորհիվ… Նրանց մայրերը չեն զգում այն կսկիծը, որ իմ սրտի մեջ է։ Գիտեք՝ ինչն ինձ կմխիթարի, որ նույն գնդակը, նույն բեկորները դիպչեն իմ սրտին, ու ես զգամ, թե ինչ է զգացել որդիս վերջին պահին… Ինչպիսի ցավ է ապրել։ Աշխարհում ամեն ինչ կտայի, որ զգայի դա… Ասում են՝ «մամ ջան» է կանչել վերջին պահին։
-Արդյոք որևէ բանով կնժարե՞ս մարդկային կյանքը… Կներեք, մի՛ պատասխանեք…
-Արմենս նժարել է սեփական կյանքը… Ու մյուս նժարը, որի վրա մարտական ընկերների կյանքն էր, իջել է… հաղթել։
…Տղաս սիրում էր քանդակել։ Վերջին շրջանում անընդհատ խաչեր է քանդակել, խաչեր, խաչեր… Ինչո՞ւ…
-Չգիտեմ…
-Ասում են՝ երազում էր, որ դիրքերի մատուռը շուտ սարքեին, որպեսզի խաչ քանդակեր մատուռի համար։ Ամուսինս կատարեց տղայիս երազանքը՝ խաչքար դրեց դիրքերում և զորամասում։ …Ջոկի հրամանատար էր։ Ընկերները պատմում են, որ հավասար կիսում էր ուտելիքը, ծխախոտը, ու ինքը վերջինն էր վերցնում իր բաժինը։ Տանն էլ էր այդպես։ Ինը տարի ամուսնուս քույրը իր երկու տղաներով ապրեց մեզ հետ միասին։ Վեց երեխա կար մի տան մեջ, բայց մենք վեցին էլ հավասար աչքով էինք նայում, սովորեցնում էինք զիջել իրար, սիրել, հանդուրժել… Արմենս շատ կապված էր հորաքրոջ տղայի՝ Արսենի հետ։ Երբ Արսենին բանակ տարան, քուն ու դադար չուներ, ասում էր՝ Արսենի համար դժվար կլինի, շատ զգայուն է, շատ խոցելի է… Նրանք հասակակիցներ էին, բայց Արմենը ասես Արսենի մեծ եղբայրը լիներ։
-Հրամանատարը պատմել է' երբ մի անգամ բարձր ջերմության պատճառով Արմենին իջեցրել է դիրքերից, հաջորդ օրը Արմենը խնդրել է իրեն նորից դիրքեր տանել, ասել է՝ էլ չեմ դիմանում, սահմանը ձգում է։
-Գիտեմ, ասում էր՝ իսկական ծառայությունը դիրքերում է։ Գիտեք, մեկ ամիս պառկել է հոսպիտալում ու մեզ չի ասել, որ չանհանգստանանք։ Արմենս փոխվել էր, շատ կտրուկ էր դարձել։ Հիշում եմ մեր վերջին հանդիպումը… Մեզ ավտոբուսով տարան զորամաս։ Քաղաքի ծայրին մի փոքրիկ տարածք կար, ամեն մեկս մեր որդուն առանք, նստեցինք գետնին, փալասի վրա, որ մեր երեխան մի կտոր բան ուտի, սրտներս հովանա… Հանկարծ 60-ին մոտ մի մարդ եկավ ու հավաքվածներից փող ուզեց՝ գետնին նստելու համար… Արմենիս չէինք կարողանում զսպել։ Ասում էր՝ դու սահման պահող զինվորի ծնողներից ո՞նց ես փող ուզում։ Ասում էր՝ ամեն ինչ սեփականաշնորհել եք, բա դիրքերն ինչո՞ւ չեք սեփականաշնորհում… Եկեք, դիրք պահեք… Գոռում էր։ Երբ հրաժեշտ էինք տալիս իրար, չէր գնում, ասում էր՝ առաջ դո՛ւք գնացեք։ Երբ հեռվից տեսա՝ կանգնած նայում է, իջա մեքենայից, հետ եկա, ամուր գրկեցի տղայիս…
-Սիրած աղջիկ ունե՞ր…
-Բլոկնոտի մեջ մի քանի տեղ գրել էր՝ Արմեն-Ռուզան։ Հիմա մի աղջիկ է հաճախ գնում Եռաբլուր՝ Ռուզան է անունը։ Փոքր-մոքր, սիրունիկ աղջիկ է։ Երևի տղայիս սիրած աղջիկն է եղել։ Տատիկին կատակով ասում էր՝ դո՛ւ ես ինձ համար աղջիկ ընտրելու, մի անգամ ընտրել ես, հաջող է դուրս եկել (ինձ նկատի ուներ, սկեսուրս է ինձ հավանել)։ Ես պիտի շարունակեմ ապրել։ Պիտի հավաքեմ ընտանիքս։ Տղամարդիկ ավելի փխրուն են, պիտի կարողանամ ամուսնուս օգնել… Աղջիկներս… Գիտեք, նրանք երբեք իրենց եղբորը անունով չեն կանչել, «ապեր» են ասել… Ես պիտի պահպանեմ ընտանիքս։ Արցախում մի կնոջ տեսա. երեք որդի էր կորցրել պատերազմում…
-Նա ձեզ ո՞ւժ տվեց…
-Իմ որդին է ինձ ուժ տալիս հիմա։ Նա իմ սրտի մեջ է, իմ երակներում։ Որդիները չեն կարող լքել մայրերին։ Ես պիտի Արմենին արժանի մայր լինեմ։ Գիտեք, հիմա մեռնելը շատ հեշտ է ինձ համար, ապրելն է դժվար… Ես գիտեմ հանուն ինչի ապրել։
-Հանուն ինչի՞…
-Որ որդի կորցրած բոլոր մայրերը սովորեն ինձնից… և ապրեն։ Որ որդուս հիշատակը վառ պահելով՝ սրբացնեմ այն մի քանի մետր հողը, որի համար զոհվեց տղաս։ Այդ հողը թանկ էր տղայիս համար՝ կյանքից թանկ… Ինձնից թանկ էր։ Ու պիտի թանկ լինի նաև ինձ համար։
…Դա՞ է հայրենիքը, այդ հո՞ղը… Ի՞նչ գերբնական ուժ ունի իր մեջ։
-Ես չեմ զգացել, թե ինչպես է թշնամին գալիս վրադ՝ ստիպելով ընտրություն անել կյանքիդ ու հողիդ միջև։ Ես էլ Ձեզ նման… չգիտեմ։
…Հիմա ես պիտի ասեմ՝ շնորհավորում եմ Մայրության տոնի առթիվ, հերոս մայր, խորին խոնարհում ձեզ ու ձեր հերոս զավակին… Ես անգիր եմ արել այս տեքստը, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում արտասանել։ Բառերը համրացել են կոկորդիս մեջ։ Կինը ոտքի է կանգնում… Նա անցնում է լուսավոր ու շքեղ սրճարանի առատ սեղանների արանքով, որոնց շուրջը երիտասարդ տղաներ ու աղջիկներ են նստած՝ ժպտուն ու անհոգ։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
ԱՍՏԾՈ ԱՋ ԿՈՂՄՈՒՄ…
Մեր կրոնը մեզ համբերության կոչ է անում և հավատացնում է, որ անմեղները, հրաժեշտ տալով այս կյանքին, սկսում են իրենց նոր՝ երկնային կյանքը։ Եվ որ նրանց հոգիները գնում են բազմելու Աստծո աջ կողմում…
Ես քրիստոնյա եմ և անվերապահորեն հավատում եմ մեր կրոնին։
Ես էլ ձեզ նման թանկ կորուստներ ունեմ…
Ձեր տղան հերոս է, իսկական հերոս և մխիթարվեք, որ դուք հերոս եք ծնել և դաստիարակել։
Բալլադը, որ նվիրել եմ ձեր որդուն, ոչ այնքան ձեր ցավը մեղմելու համար եմ արել, որքան Արմենով հպարտանալու զգացումից դրդված։ Գյումրեցի հարյուրավոր երեխաներ այն անգիր են արել և ահա բավական ժամանակ ամեն դասն սկսելուց առաջ արտասանում են։
Մենք, ավաղ, մոռացել ենք հայրենասիրության մասին և մեր երեխաներին չենք դաստիարակում հայրենիքի համար ապրելու ու կռվելու ոգով։ Փողոցային վարք ու բարքը տեղափոխում ենք բանակ, ինչով և նսեմացնում ենք հայրենիքի պաշտպանի վեհ կերպարը։ Մինչդեռ զինված ուժերում ծառայելու երկու տարին յուրաքանչյուր երիտասարդի հիշողության մեջ պետք է մնա որպես իր կյանքի ամենից անմոռաց ու ամենից պատվելի հատվածը։
Արմենը մեզ հիշեցրեց մեր Պարտքը և մեզ բոլորիս զգոնության կոչ արեց՝ թշնամին քնած չէ։
Հարգելի՛ Հովհաննիսյաններ, ես ձեր հասցեն չունեի, թե չէ անձամբ կայցելեի և այս խոսքերը, որ գրում եմ, անձամբ կասեի և կնվիրեի իմ «Բալլադ ցավի» ձեռագիրը։
Ես կիսում եմ ձեր ցավը և մեծ վիշտը, սակայն պետք է հպարտորեն կրկնենք և մեզ համոզելու չափ էլ հավատանք, որ Արմենն ապրում է ու կապրի, քանի դեռ նրա անունը հոլովվում է մեր շուրթերին։
Աստված ձեզ համբերություն տա և կորով։
Ձեր անկեղծ բարեկամը՝
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
արձակագիր
ք. Գյումրի
ՎԵՐՋԻՆ ՀԱՅԱՑՔԸ
Հայոց լեռների լռությունը սուրբ է…
Հանկարծ լռությունն այդ չարագույժ
դարձավ…
Զինվորը լսեց, բայց չհավատաց, որ
թշնամին այդքան մոտ է սողոսկել…
Դա՛վ է, արդյո՞ք, թե՞ քամին է ինչ-որ
ձայներ բերում մոտիկ…
Զինվոր Արմենը կրծքին սեղմեց հրացանն
իր
Գիտեր, որ փարվել է… բարուն
Որ չարը կորչի՝ կորչի՝ գիշերում այդ մութ։
Իսկ եթե հանկարծ, հենց այդ վայրկյանին
Պետք լինի՛
Անշեղ ու դիպուկ, նա կկրակի՛-…
Լեռնե՛րը ասես լեզու են առել
Ու շշնջում են զգույշ, շատ զգույշ։
Քայլեքայլ անցավ խրամատն իր խոր ու
կրակոցը դավադիր խախտեց
Անդորրը սուրբ Հայրենիքի։
Վիրավորվեց…
Հանկարծ ականջներում լսեց ձայնը
Ձենով Օհանի-
-Ելե՛ք, շուտ ելեք-ոտքի՛ կանգնեցեք։
Զինվորը մեկից դարձավ մի… բանակ
Գիտեր, կգա, կհասնի հրաշքը
Ուժ առավ տղան, հրաշքն իր մեջ նա
տեսավ մեկից,
Մանկուց իր սիրած Սասունցի Դավիթը
դարձավ
Հոգու մեջ ուներ հորեղբոր ցավը
-Ամոքե՛լ…
Դավադիր թշնամին գողի նման գիշերով
մեր սահմանին է չոքո՞ւմ։
Տղանե՛ր, ոտքի՛։
…Մերժում չունի՝ պիտի պատժվի՛
Աշխարհը լցվել է հանցամիտների չար
գործերով
Ինչ էլ որ լինի, թեկուզ իմ կյանքով
Չարի ճամփան պիտի խափանվի։
Ականջներում հայոց երգերը ղողանջեցին
Հայացքը կանգնեց հպարտ լեռների
Գագաթներին սեգ.
Այնտեղ էին մայրը, քույրերը, հայրը
հարազատ
Եվ մշուշի մեջ մի աղջիկ… ժպտաց
Եվ ժպիտը այդ փոխանցվեց նրան՝
Զինվորը ժպտաց…
-Կրակի՛ր, կրակի՛ր, կրակիր-միտքն էր
թելադրում
Ես իմ կյանքի արժեքը գիտեմ
Այն նախ քոնն է, Հայրենիք իմ, սեր,
Գիտեմ, որ շուտով գարուն է գալու,
Դուք իմ փոխարեն… գարունը գրկեք,
Սիրեցի կյանքը, բայց մի՛ ափսոսեք,
Երբ Հայաստանի մասին է խոսքը… կր-ա՜-կ
Ու վերջին անգամ նայեց լեռներին,
Նրանք խաղաղ էին, խաղաղ էին կրկին,
Եվ ականջների մեջ երգը… լռեց.
-Սահմանի գլխին հրացանների երգն էր
լսվում։
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ
ԱՐՄԵՆԻՆ
Գիշերով՝ մութ խավարի մեջ
Մութ ստվերները գայլերի պես
Ու փորասող սողունի պես
Ներխուժեցին դիրքերը մեր։
Նրանց դիմաց առյուծի պես
Մռնչալով ելավ-կանգնեց
Արմենը քաջ մեր բանակի
Հպարտությունը մեր ազգի։
Կես ժամ տեւած այդ կռվի մեջ
Թուրքը տալով մեծ կորուստներ՝
Գլուխն առած փախավ գնաց
Ծեծված շան պես։
Փառք ու պատիվ մեր բանակին,
Նրա անվախ զինվորներին,
Փառք ու պատիվ քաջ Արմենին,
Նրան բերող ծնողներին։
Երգիչ Վարդգես, դու միշտ եղիր,
Մեր քաջերին փառաբանիր։
ՎԱՐԴԳԵՍ ՄԻՍԱԿՅԱՆ
Արարատի մարզ
գ. Սուրենավան
ԱՐՄԵՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Անմահների գնդում համալրում է,
Բայց Արմենը նորից դիրքերում է,
Հավերժ իր քսաներորդ գարունն է…
Անմահների գնդում համալրում է:
Առյուծներն անմռունչ կռվում են,
Վրեժից աչքերը հուրհրում են…
Անմահների գնդում համալրում է,
Արմենները պատրաստ՝ դիրքերում են:
Քո ոգին մեր վրա թեւածում է,
Կորստից մեր սրտերը լացում են՝
Անմահների գնդում համալրում է,
Ու վարդերի լռին խոնարհում է…
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ