Հայաստանում մանկական մահացության դեպքերը նվազել են: 2013-ի տվյալներով Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը 9,8 է, Եվրոպայում այդ ցուցանիշը 6,9 է: Այս մասին հայտնեց առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
Կարինե Սարիբեկյանը նշեց, որ այս տարվա 6 ամիսներին Հայաստանում գրանցվել է մանկական մահացության 81 դեպք: «Մեր առջև դրված է խնդիր' մինչև 2015 թվականի ավարտը մայրական մահացության ցուցանիշը հասցնել 13-ից ներքև, մանկական մահացության ցուցանիշը՝ մինչև հինգ տարեկան երեխաների դեպքում հասցնել 10-ի, հինգ տարեկանից ցածր՝ 8 պրոմիլի»,- իր խոսքում նշեց վարչության պետը: Ինչ վերաբերվում է ծնունդներին, ապա վերջին տարիներին ծնունդների թիվը Հայաստանում տատանվում է 42-43 հազարի սահմաններում:
Ըստ մասնագետի, մանկական մահացությունների դեպքերն ավելի շատ են լինում այն ժամանակ, երբ մայրերը բարձրագույն կրթություն չեն ունենում: Ներկայացված տվյալների համաձայն, այս տարվա վեց ամիսների ընթացքում մայրական մահացության 1 դեպք է գրանցվել, նախորդ տարի՝ 8 դեպք:
ԱՊՀ երկրներում մայրական մահացության միջին ցուցանիշը 29,3 է (100 հազար կենդանի ծնունդի նկատմամբ), Հայաստանում ցուցանիշը' 19,2 է: