Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF-ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիետ Ահրենսին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահության և սնուցման ծրագրի ղեկավար Լիաննա Հովակիմյանին։ Նախարարը կարևորել է մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք առանցքային նշանակություն ունեն նախարարության համար։
Այս կարևոր ոլորտը գտնվում է երկրի նախագահի ուշադրության ներքո։ Մանկան մահացության ցուցանիշները Հայաստանում նվազել են, սակայն նպատակ ունենք ավելի լավ արդյունքների հասնել։ Մենք մեծապես կարևորում ենք նաև մանկական հիվանդացության նվազեցման ու ճիշտ սնուցման հարցերը և բարձր ենք գնահատում մեր համագործակցությունն այս ոլորտում,-ասաց նախարարը։ Հենրիետ Ահրենսն ընդգծեց, որ Հայաստանի հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությունը շատ արդյունավետ է և վստահեցրեց, որ այն ավելի կամրապնդվի։ Նաև նշեց, որ Հայաստանում մանկական մահացության ցուցանիշները նվազել են համակարգված ծրագրերի շնորհիվ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն անդրադարձավ համատեղ ընթացիկ և ապագա ծրագրերին։ Նշեց, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական օժանդակությամբ նախատեսվում է Հայաստանում իրականացնել նեոնատալ ծառայության բարելավման ծրագիր։ Այնուհետև քննարկվեցին Ցորենի ալյուրի հարստացում միկրոտարրերով և վիտամիններով օրենքի նախագծին, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանն ուղղված նախատեսվող ծրագրին վերաբերող և այլ հարցեր։ Հենրիետ Ահրենսը տեղեկացրեց, որ մշակման փուլում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության 2016-2020թթ. հնգամյա պլանը։ Այդ առթիվ Հայաստան կժամանի փորձագետը' տեղում մեր մասնագետների հետ կազմելու առողջապահական բաղադրիչը։
Կարևորելով իմունականխարգելման ազգային ծրագրի արդյունքները' Արմեն Մուրադյանն առաջարկեց շարունակել և ընդլայնել աջակցությունը' նկատի ունենալով, որ նախարարությունը ստանձնել է զինակոչիկների պատվաստումների կատարումը քաղաքացիական պոլիկլինիկաներում։ Ալյուրի հարստացման ծրագրի հետ կապված Արմեն Մուրադյանը նշեց, որ օրենքի նախագիծը շահագրգիռ տարբեր գերատեսչությունների հետ քնարկումների փուլում է։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ քննարկվեց նաև Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխման նպատակով փոփոխություններ կատարելու հարցը։ Հենրիետ Ահրենսը նշեց, որ դա շատ զգայուն և նուրբ հարց է' առաջարկելով իրենց փորձագետների աջակցությունը։ Ընդունելով նախարարի հրավերը' նույն օրը նա մասնակցեց օրենքի նախագծի հանրային քննարկմանը։