Իրաքյան բանակը բավականին հաջող պատասխան գործողություններ է նախաձեռնել «Իրաքի և Շամի իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական խմբավորման դեմ Սալահ ալ-Դին նահանգի Թիքրիթ քաղաքում: Իրաքի մահապատժի ենթարկված նախագահ Սադամ Հուսեինի ծննդավայրը հանդիսացող Թիքրիթը գտնվում է մայրաքաղաք Բաղդադից 140 կմ հյուսիս-արևմուտք և իսլամականների առաջնային թիրախներից էր, քանի որ այստեղ նրանք ունեին որոշակի աջակցություն տեղի բնակչության կողմից:
Քաղաքում հաստատված զինյալների դեմ ռազմական գործողությունը նախաձեռնվեց Թիքրիթի համալսարանի կամպուսից, որտեղ դեսանտ իջեցվեց բանակային հատուկ ստորաբաժանումների կողմից. պետք է նշել, որ Թիքրիթում հաստատված ԻՇԻՊ-ի գրոհայինների դեմ լայնորեն կիրառվում է նաև օդուժը:
Եվ արդեն իսկ համացանցում շրջանառվում են բանակի կողմից շարունակվող ռազմական գործողությանն առնչվող տեսանյութեր (հոլովակները չեմ հրապարակում դրանցում առանձին դաժան տեսարանների առկայության պատճառով), որոնցում ցուցադրվում են տասնյակ սպանվածներ, գերված զինյալներ իրենց պիկապներով և ռազմատեխնիկայով:
Թեպետ պաշտոնապես չի հրապարակվում, բայց, անխոս, տուժածներ կլինեն նաև խաղաղ բնակչության շրջանում:
Արմեն Պետրոսյան