Կարդացածս միակ մամուլը ԱՄՆ Ազգային ռոդիոն է որի վերջին լուրերի հաղորդումները լսում եմ աշխատանքի գնալիս և տուն վերադառնալիս։

 


Այսօր շատ հետաքրքիր բաներ էին խոսում։ Իրաքից համարյա լրիվ ձեռք են քաշել ու արդեն մտածում են դեսպանատան և երկու հազարի հասնող ռազմական խորհրդատուների էվակուացման մասին։ Սա դեռ հեչ։ Լուրջ քննարկում էր գնում այն իրաքցիների բախտի վերաբերյալ ովքեր ամերիկյան օկուպացիայի տարիներին համագործակցել են ԱՄՆ-ի հետ։ Դրանց մոտավոր թիվը ասեցին մոտ մեկ միլիոնի կարգի է։ Բաղդադում գտնվող մի կրոնավորի էլ խոսեցրին, մարդը լավ էլ անգլերեն էր խոսում, ինձանից մի տասը անգամ լավ։ Չգիտեն ինչպես վարվեն այդ մեկ միլիոնի հետ։

 

Երբ նմանատիպ իրավիճակ է եղել Վիետնամից ամերիկացիների հեռանալիս պրեզիդենտի հատուկ հրամանով բոլոր այն վիետնամցիները ովքեր համագործակցել են ԱՄՆ-ի հետ և ցանկացել են փախնել ԱՄՆ նրանց մուտքի վիզաներ են տվել ու հանել են Վիետնամից։ Ասեցին որ այդպիսի մարդկանց թիվը այն ժամանակ մի քանի հարյուր հազար է եղել։ Հիմա մեկ միլիոն է ու չգիտեն ինչ են անելու այդ հսկայական զանգվածի հետ։
Սա էլ հեչ։ Ամենահետաքրքիրը որ այսքան խոսել քննարկելուց հետո հայտնեցին որ երեկ ԱՄՆ Նախագահ Օբաման դիմել է ԱՄՆ Կոնգրեսին Սիրիայի ապստամբներին 500 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու հայցով։

 


Մի կողմից կես միլիարդ տալիս են որը նույնությամբ գնում է Իրաքի ծայրահեղականներին, մյուս կողմից խիստ մտահոգ են Իրաքի ներկա իրավիճակով։ Դե արի ու բան հասկացի։ Իսկ երբ ռուսներն են Արևելյան Ուկրաինայի ապստամբներին օգնում աղմուկը կապում են։
Այս աշխարհի վեր ու դիրը հասկանալը բավականին բարդ բան է։

 

Համլետ Աբրահամյան