Աշխարհի առաջնության խմբային փուլից հետո արդեն կարելի է որոշակի եզրահանգումներ անել:

 


1/8-րդ եզրափակիչ անցան եվրոպական 6 հավաքականներ (Հոլանդիա, Հունաստան, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Բելգիա), 5 հավաքական Հրվ. Ամերիկայից (Բրազիլիա, Չիլի, Կոլումբիա, Ուրուգվայ, Արգենտինա), 3 հավաքական ԿՈՆԿԱԿԱՖԻ գոտուց (Մեքսիկա, Կոստա Ռիկա, ԱՄՆ), 2 հավաքական Աֆրիկայից (Նիգերիա, Ալժիր): Համեմատության համար, անցած աշխարհի առաջնությանը Եվրոպայից կրկին 6 հավաքական էր, Հրվ. Ամերիկայից' կրկին 5, ԿՈՆԿԱԿԱֆ-ից' 2, Ասիայից' 2, Աֆրիկայից' 1: Այսինքն անհիմն է այն կարծիքը, թե իբր եվրոպացիները վատ են խաղում, ամերիկյան թիմերը լավ: Տենդենցը, ըստ էության նույնն է:

 


Միաժամանակ այս աշխարհի առաջնության ժամանալ արդեն խփվել է աշխարհի առաջնություննների արդյունավետության ռեկորդը (136) գոլ, որն ապացուցում է, որ այս առաջնությունը անցնում է բացառիկ գոլառատ և դիտարժան պայքարում, ինչը չի կարող չուրախացնել երկրպագուներին: Սակայն, ցավոք սրտի, այս առաջնությունը նաև աչքի է ընկնում մրցավարական ցածր մակարդակով, որն էականորեն ազդում է խաղերի հետագա ելքի վրա:

 


Առանձին-առանձին չվերլուծելով հաջորդ փուլ անցած հավաքականների հնարավորությունների մասին, կուզեի անդրադառնալ որոշ հարցերի:
1.Այս առաջնությունը ևս մեկ անգամ, և կարելի է ասել վերջնականապես, ապացուցեց իտալական ֆուտբոլի և, ընդհանրապես իտալական ֆուտբոլային մտածողության խորը ճգնաժամի մասին: Խոսքը վերաբերվում է ինչպես Իտալիայի հավաքականին, այնպես էլ իտալական մասնագետների կողմից ղեկավարվող հավաքականներին' Ռուսաստան (Կապելլո), Ճապոնիա (Ձակերոնի)…Ակնհայտ դարձավ, որ միայն արդյունքի համար խաղացող, անատամ թիմերի ժամանակը ուղղակի անցել է:

 


2.Ասիական ֆուտբոլը ցույց տվեց իր բացահայտ թուլությունը համեմատած մյուս աշխարհամասերի հետ:
3.Ակնհայտ է, որ, ինչպես նախկինում, հաջողության հասնում են այն հավաքականները, որոնք իրենց կազմում ունեն 30 տարեկանից բարձր, փորձառու ֆուտբոլիստներ, որոնք խաղացել են ամենաբարձր մակարդակով և անցել են կրակի ու ջրի միջով:

 


4.Միաժամանակ, ինչքան էլ հավաքականները ինչքան էլ թիմային խաղ ցուցադրեն, կհաղթի այն թիմը, որն ունի ընդգծված առաջատար, որն իր հետևից տանում է թիմակիցներին: Այդ իմաստով կուզեի առանձնացնեի 3 ֆուտբոլիստի, որոնք ոչ միայն փայլուն խաղ են ցուցադրում այս առաջնությունում, այլև իրենց հետևից տանում են թիմակիցներին. դա հոլանդացի Արիեն Ռոբենն է, արգենտինաց Լիոնել Մեսսին և կոլումբիացի Ջեյմս Ռոդրիգեսը:

 


5.Այս առաջնությունը հերթական անգամ վկայեց, որ միայն այն հավաքականներն են հաղթում, ովքեր կրակն աչքերում պայքարում են մինչև վերջ' հասկանալով, որ մի ամբողջ պետություն են ներկայացնում:
Վերջում, կմաղթեի, որ փլեյ-օֆֆի խաղերը նույնպես կանցնեն հետաքրքիր ու դիտարժան պայքարում, իսկ արդյունքում' հաղթանակի իսկապես արժանի հավաքականը:

 

 

Հ. Գ. Մոռացե´ք ղումարի կամ նման երևույթների մասին, քանզի միշտ էլ հեշտ է սիրելի հավաքականի անհաջողությունները բացատրել դավադրության տեսություններով:

 

 

Լևոն Ստեփանյան