Յուրաքանչյուր ոք, առաջնորդվելով սեփական ճաշակով, որոշակի բույրեր է նախընտրում (հիշողությունների, տպավորությունների, տրամադրության միախառնումով): Սակայն պարֆյումեր-ոճաբանները օծանելիք ընտրելիս առաջնորդվում են մարդու արտաքինով ու նրա կրքոտությամբ:

 

Հայտնի է, որ կանայք լինում են 4 տիպի' գարնանային, ամառային, աշնանային ու ձմեռային: Եվ յուրաքանչյուրին համապատասխանում են բույրերի հատուկ տեսակներ. այն, ինչ գերազանց «սազում» է ձմեռային կնոջը, մեղմ ասած, լավ չի հնչում, ասենք, «գարնանային» կնոջ դեպքում: Պետք է հիշել, որ օծանելիքը սեփական կերպարը կերտելու վերջին շտրիխն է, և սխալ ընտրված բույրը կարող է փչացնել այդ կերպարը կամ, առնվազն, բացասական ազդեցություն թողնել իմիջի վրա: Նման սխալներից խուսափելու համար մի քանի խորհուրդներ կան, որոնք կօգնեն ամբողջական դարձնելու ձեր ստեղծած կերպարը:

 

 

Ամառային կանանց օծանելիքներ. սազում են խորհրդավոր ու հիշվող բույրերը, ասենք' ծաղկայինը' էկզոտիկի միախառնությամբ: Ծանր ու սուր, մրգային հոտերը նրանց դեպքում նախընտրելի չեն: Ամառային կանանց հարմար են թեթևակի քաղցր ու շատ կանացի, սակայն ոչ շատ էկզոտիկ, իսկ ծանր ու սուր արտահայտված հոտերը «հակացուցված են»: Հարմար են ծաղկային ցանկացած խտանյութերով (վարդ, նարգիս) և վանիլային հոտերը: Պետք է ընտրվեն չշշմեցնող հոտեր: Այդ օծանելիքները գրեթե միշտ լինում են ոսկեգույն կամ շագանակագույն: Դրանք ավելի բաց են, քան «աշնանայինները» ու ավելի մուգ են, քան «գարնանայինները»:

 

 

Աշնանային տիպի կանանց հարմար են տաք, գրավիչ, հանելուկային, նաև խորը երանգներ ունեցող բույրերը: Փոքր ինչ սուր, հագեցած, սակայն ոչ շատ ագրեսիվ բույրն ընդգծում է աշնանային կնոջ արտասովորությունը: Թարմ ծաղկային ու մրգային համադրությունները նրանց հարմար չեն: Շատ սազում են արևելյան տիպի բույրերը:

 

Դրանք պետք է հիշեցնեն արևադարձային անտառներ ու քաղցր մրգային հոտեր, պետք է լինեն ծանր, զգացմունքային, նրբակիրթ ու էրոտիկ , որոնցից ջերմություն ու կանացիություն է բուրում, և ընդգծվում է կնոջ հմայքը: Գերազանց են տարաշխարհիկ ծառերի (սանդալ), մուսկուսի ու համպարի բույրերը: Շքեղ, հագեցած բույրերը, որ նրանց պարագայում շատ բնական հնչեղություն ունեն, մյուսների դեպքում ծանր են, քաղցր, սուր ու տհաճ: Այս տիպի կանանց օծանելիքները մուգ գույն ունեն:

 

 

Ձմեռային տիպի կանայք պետք է խուսափեն սուր և ուժեղ հոտերից: Նրանց սազում են Արևելքի տարաշխարհիկ բույրերը' տաք, խորհրդավոր ու հանելուկային: Օծանելիքը պետք է լինի խորն ու անկրկնելի, հետաքրքրություն առաջացնող: Ձմեռային տիպի կանանց սազում է ցուրտը մեղմացնող , միաժամանակ խորհրդավորությունն ընդգծող հոտ. գերազանց են պաչուլիի, սանդալի հոտերը: Օծանելիքը չպետք է շքեղ լինի: Ավելի շատ սազում են մրգային հոտերը: Սակայն գարնանային թարմ հոտերն էլ ձմեռային կանանց կարող են անկրկնելի հմայք հաղորդել:

 

 

Գարնանային կանայք պետք է խուսափեն սուր արտահայտված հոտերից: Դրանք ուշադրություն են գրավում, իսկ գարնան հմայքը չպետք է աչք ծակող լինի: Նրանց սազում են թեթևակի, հազիվ «հնչող» հոտերը: Հարմար են ծաղկային ու մրգային բույրերը: Գարնանային կանանց սազում են մաքուր, թեթև, մրգերի ու կանաչի, գարնան տպավորություն ստեղծող բույրերը: Դրանք ոչ մի դեպքում չպետք է լինեն ծանր ու սուր, այլ պետք է պարուրեն թեթևակի բույրով ու եթերայնության տպավորություն ստեղծեն, որը համահունչ լինի գարնանային կնոջ էությանը:

 

 

Բոլոր թվարկված տարբերակները կիրառելի են նաև տղամարդկանց օծանելիք ընտրելու դեպքում: Եթե օծանելիք ընտրելիս առաջնորդվեք այս ոչ խորամանկ ցուցումներով, ապա ձեր կերպարին այս վերջին շտրիխը պարզապես անկրկնելիություն կհաղորդի: