Տարածաշրջանում իրավիճակն ավելի է խճճվում. անկախ ամեն ինչից՝ Մերձավոր Արևելքում քրդական անկախ պետության հռչակումն այլևս այլընտրանք չունի, «մեխանիզմն» անդադար աշխատում է այդ ուղղությամբ: Մուտք ենք գործել մի շրջափուլ, երբ արդեն նույնիսկ նշանակություն չունի, թե արտաքին խաղացողներն ինչ դիրքորոշում կարտահայտեն այդ հարցի կապակցությամբ:

 

 

Ամբողջ Իրաքում իրավիճակը համեմատաբար կայուն է միայն քրդաբնակ տարածքներում, քրդերը կարողանում են ոչ միայն վերահսկել իրադրությունն իրենց տարածքներում, այլև «կողքից» լուրջ ձեռքբերումներ են ունենում. խոսքը, մասնավորապես, վերաբերում է Քիրկուկի նավթաբեր շրջանն իրենց վերահսկողության տակ վերցնելուն:

 

 

Իրաքում և Շամում իսլամական պետություն ծայրահեղ-արմատական խմբավորման դեմ արդյունավետ պայքարը ենթադրում է, որ խաղաղության ձգտող բոլոր ուժերը փնտրելու են այն էթնոկրոնական և քաղաքական միավորին, որն ի վիճակի է երկրի ներսում «հարց լուծել»: Այս պահի դրությամբ միայն քրդերին կարելի է տեսնել այդ դերում, որոնք, նման դերակատարում ստանձնելով, միաժամանակ կարող են իրենց համար ճանապարհ հարթել դեպի «Անկախ Քրդստան»:

 

Ռուդիկ Յարալյան