Թուրքիայում տարբեր իրավապաշտպան կազմակերպություններից ու նաև ընդդիմադիր մի քանի պատգամավորներից հետո ծայրահեղ արմատական իսլամական կառույցներին, ահաբեկիչներին Թուրքիայի կողմից զինելու վերաբերյալ խոսել է նաև «թիվ մեկ» ընդդիմադիրը:


Թուրքիայի կողմից իսլամական ծայրահեղական խմբավորումներին ցուցաբերված աջակցության վերաբերյալ աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ նշելով, որ իր ձեռքում կան Սիրիայի և Իրաքի ծայրահեղ իսլամական կազմակերպություններին զինելու տեսանյութեր ու փաստաթղթեր: Քըլըչդարօղլուն խոսել է Թուրքիայից Սիրիա և Իրաք բեռնատարներով զենքի մատակարարումների մասին՝ նշելով, որ հայտնի է, թե ինչ զենք է եղել Ադանայից դեպի Սիրիա ուղևորվող բեռնատարներում, երբ հունվարին ժանդարմերիայի կողմից բռնագրավվեցին Սիրիա մեկնող բեռնատարները: Նա անթույլատրելի է համարել Թուրքիայի կառավարության նման վարքագիծը՝ նշելով, որ Թուրքիան ահաբեկիչներին զինող պետության վատ համբավ է ձեռք բերում:


Թուրքական իշխանություններն այս հայտարարությունն ու տեսանյութի հրապարակումը որակել են որպես «զուգահեռ պետություն-Ջիհան լրատվական գործակալություն-Քըլըչդարօղլու» եռամիասնության օպերացիա, քանի որ Ջիհան գործակալությունը գտնվում է գյուլենականների ազդեցության տակ:


«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորներից Ի. Օզքեսը օրեր առաջ փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որի՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարի կողմից դեռևս 2013 թ.
գաղտնի շրջաբերական էր ուղարկվել Սիրիային սահմանակից Հաթայի նահանգապետին՝ Հաթայի մի շարք շրջաններում տարբեր երկրներից ժամանած ալ-Նուսրային հարող մոջահեդներին աջակցություն ցույց տալու ցուցումով: Նույն կուսակցության մեկ այլ պատգամավոր էլ երկու ամիս առաջ ծանր մեղադրանք էր ուղղել վարչապետ Էրդողանին, արտգործնախարար Դավութօղլուին և հետախուզական կազմակերպության ղեկավար Ֆիդանին' նրանց մեղադրելով Սիրիայում ընթացող զարգացումներում ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործության մեջ և այդ հարցով հայտարարություն ներկայացրել դատախազություն: Նույն կուսակցության պատգամավոր Թանրըքուլուն էլ փաստեր էր ներկայացրել Քեսաբի դեմ հարձակման գործում Թուրքիայի անվտանգության մարմինների ցուցաբերած աջակցության վերաբերյալ:

 

 

Լևոն Հովսեփյան