Ծնողները միշտ ցանկանում են արագացնել իրենց երեխայի ուսուցումը։ Պարզվում է, որ ուսուցման գործընթացում հիմնական դերը պատկանում է երեխայի դիրքին։ Այս բացահայտումն արել են ամերիկացի գիտնականները: Նրանք նշում են, որ նստած դիրքում գտնվելով, երեխան կարող է սովորել ավելի արագ և արդյունավետ: Մարմնի նման դիրքը հատկապես կարևոր է այն երեխաների համար, որոնց մոտ նկատվում է մտավոր զարգացման ուշացում:

 

 

Մտավոր զարգացման բաղկացուցիչ մասը հանդիսանում է առարկաները ճանաչելու և դրանք միմյանցից զանազանելու ունակությունը։ Փորձերի արդյունքում գիտնականներն ապացուցել են, որ 5-6 ամսեկան երեխաները չեն կարող ինքնուրույն առարկաները տարբերել իրարից։ Սակայն, եթե 6 ամսական երեխան կարողանում է զննել, շոշոփել և փորձել առարկաների համը, ապա այս դեպքում իրերը զանազանելը դառնում է շատ ավելի հեշտ։

 

 

6 ամսեկան երեխաները կարողանում են արդեն առանց ուրիշի օգնության նստել, որը նրանց հնարավորություն է ընձեռնում ուսումնասիրել իրենց շրջապատող առարկաները։ Ստացված արդյունքները վկայում են, որ ինքնուրույն նստելը էական ազդեցություն է թողնում երեխայի սովորելու կարողության վրա։ Եթե երեխան դեռևս չի կարողանում ինքնուրույն նստել, ապա կարելի է օգտագործել նստելու համար նախատեսված հատուկ միջոցները։ Նույնիսկ այս դեպքում երեխան կարող է սովորել այնպես, ինչպես ինքնուրույն նստող երեխաները։