ԵԽԽՎ քարտուղարություն հանձնեցի Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ իմ դիրքորոշումը, որը ամենևին չի համապատասխանում այդ կառույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի ներկայացրածին: Նշեմ նաև, որ եվրոպացի բազմաթիվ գործընկերներ իրենց մտահոգությունն են ներկայացրել այդ երկրում առկա խայտառակ բռնությունների ու սպանությունների մասին:
Հարգելի´ գործընկերներ,
Այսօր ես կցանկանայի խոսել միայն փաստերով: Մի քանի րոպե առաջ դուք լսում էիք Եվրոպայի խորհդի նախարարների կոմիտեի նախագահող երկրի արժեքների և գերակայությունների մասին: Խնդիրն այն է, որ այդ երկրի իրականությունն է խոսում հակառակի մասին:
Շահին Նովզրուլուն և Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարող ‹‹ՆԻԴԱ» երիտասարդական շարժման անդամներն ձերբակալվել և խոշտանգումների են ենթարկվել խաղաղ ցույց կազմակերպելու արդյունքում: Մայիսի 6-ին Ադրբեջանի դատարանը ‹‹ՆԻԴԱ» շարժման 8 անդամներին դատապարտել է 6-ից 8 տարվա ազատազրկման՝ 2013 թվականին հակակառավարական ցույցերին մասնակցության համար: Ամերիկյան ‹‹Ֆրիդոմ Հաուս» մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության նախագահ Դեվիդ Կրամերը նշել է. ‹‹Կոռուպցիայի և անօրինության դեմ ձայն բարձրացնելու համար 8 երիտասարդներին դատապարտելու վերաբերյալ Ադրբեջանի դատարանի որոշումը բացահայտում է երկրի կառավարության ավտորիտար բնույթը և դատական համակարգում առկա կոռուպցիան: Ժողովրդավարական երկրները պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն մարդու իրավունքների պաշտպանության ցածր վարկանիշի համար, որը ավելի կարևոր խնդիր է դառնում, քանի որ Ադրբեջանն ստանձնում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի Նախագահությունը:»:
Անկախ լրագրող, Խաղաղության եւ ժողովրդավարության Ինստիտուտի անդամ Ռաուֆ Միրկադիրովը, որը վտարվել էր Թուրքիայի կողմից, Ադրբեջանում ձերբակալվել է դավաճանության մեղադրանքով: Լրագրողների պաշտպանության Կոմիտեի համաձայն՝ Միրկադիրովը Ադրբեջանում կառավարության քննադատության և մարդու իրավունքների պաշտպանության հետևանքով ձերբակալված արդեն 8-րդ լրագրողն է:
‹‹Միրան Թերեզի» ամսագրի գլխավոր խմբագիր Սադիգ Սոլթանովը սպանվել է, ինչը անմիջապես հետևել է մեկ այլ սպանության, այն է ՝ ‹‹Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր, ադրբեջանական կառավարության գոծողությունների քննադատությամբ հայտնի Էլմար Հուսեյնովի սպանությունը:
ԵԽ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլս Մուժնիկսը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանում ոտնահարվում են մարդու իրավունքները, իսկ պաշտպանության մակարդակը իջնում է: Նա նաև արտահայտել է իր մտահոգությունն հասարակական կազմակերպությունների, տների քանդման եւ սեփականության իրավունքի պաշտպանության իրավիճակի վերաբերյալ:
Գործընկերնե´ր, սրանք պարզապես մի քանի օրինակներ են, քանի որ ժամանակը պարզապես չի բավարարի ներկայացնելու մարդու իրավունքների իրական իրավիճակը Ադրբեջանում՝ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Նախագահող երկրում, մի կազմակերպության, որի հիմնական նպատակն է խթանել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ողջ Եվրոպայում :
Մեր պատվիրակությունն այս երկրից սպասումներ չունի և որևէ հարց չունի մենք չենք հավատում նրանց հայտարարություններին, ավելին մարդու իրավունքների պաշտպանության նման ցուցանիշ ունեցող երկիրն առհասարակ չպետք է ներկայանար որպես ԵԽ-ի անդամ: Բայց դու´ք, հարգելի´ գործընկերներ, դու´ք, արդյո՞ք հարցեր չունեք տալու:
Եվս մեկ փաստ: ԵՄ- ում տեղի ունեցած վերջին ընտրություններն ցույց են տալիս, որ մարդիկ շարժվում են դեպի ծայրահեղական կուսակցությունները, ընտրում ազգայնականությունը միության դիմաց, քանի որ մարդիկ այլևս չեն հավատում այն քաղաքականությանը, որ վարում է Եվրոպան, երկակի չափանիշների քաղաքականությանը, կամայականություններին և անտարբերությանն, այն պարագայում, երբ հարկավոր է գործել:
Մարդիկ մեզանից հստակություն են պահանջում, ինչը և պետք է լինի մեր հիմնական նպատակը:
Արփինե Հովհաննիսյան