Ընթացիկ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի անցած երկու շրջափուլերը դիտարկելիս՝ կարելի է մի քանի եզրահանգումներ կատարել:
1.Նախ, առաջնության մասնակիցների շրջանում ակնհայտ թույլ հավաքական չկա. անգամ ոչ առաջատար համարվող թիմերը կարողանում են ուշագրավ և անկանխատեսելի անակնկալներ մատուցել:
2. Առաջնության ֆավորիտ համարվող եվրոպական հավաքականները գեղեցիկ, արդյունավետ և ինքնավստահ խաղ են ցուցաբերում հիմնականում հենց նույն եվրոպական հավաքականների հետ դիմակայությունների ընթացքում (որպես օրինակ՝ Նիդերլանդներ-Իսպանիա, Գերմանիա-Պորտուգալիա, Ֆրանսիա-Շվեյցարիա և այլն): Եվ, դրան հակառակ, այլ աշխարհամասերի, ասենք՝ Աֆրիկայի, Ամերիկայի, Ավստրալիայի ներկայացուցիչ երկրների ազգային ընտրանիների հետ հանդիպում են լուրջ բարդությունների (որպես օրինակ՝ Նիդերլնդներ-Ավստրալիա, Գերմանիա-Գանա, Պորտուգալիա-ԱՄՆ և այլն): Պատճառը, թերևս, համաեվրոպական ընդհանուր մարտավարական նմանություններն են, նաև միմյանց խաղաոճերին քաջատեղյակ լինելու հանգամանքը:
3. Առաջնության ոչ առաջատար համարվող հավաքականների մատուցած անակնկալները՝ սեփական անձնուրաց, նվիրված, նպատակասլաց և մինչև վերջ պայքարելու մարտավարության արդյունքում գրանցած հաջողությունները (որպես օրինակ՝ Չիլի-Իսպանիա, Ուրուգվայ-Անգլիա, Իտալիա-Կոստա Ռիկա և այլն):
4. Ընթացիկ աշխարհի առաջնությունից ամենից շատ օգտվում են բուքմեյկերներն, ինչը ևս մտորելու տեղիք է տալիս:
5. Այնուամենայնիվ, ըստ իս, «Բրազիլիա 2014-ում» հազիվ թե լուրջ անակնկալ գրանցվի, և առաջնության հաղթողի հիմնական հավակնորդներն են Գերմանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, տան տիրոջ հոգեբանական առավելությունները հաշվի առնելով՝գուցե նաև Բրազիլիայի ազգային ընտրանիները:
Արմեն Պետրոսյան