Ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի Բելգիա-Ռուսաստան խաղից առաջ փորձեցի ուսումնասիրել ԽՍՀՄ/Ռուսաստանի և <<կարմիր սատանաների>> դիմակայությունների պատմությունը ու նկատեցի, որ, եթե խորհրդային տարիներին որպես կանոն հաջողությունը ուղեկցել է խորհրդային/ռուս ֆուտբոլիստներին, ապա սկսած 1986թ.-ից և նաև անկախությունից հետո ռուս ֆուտբոլիստները որևէ հաղթանակ չունեն բելգիացիների նկատմամբ:

Այսպես՝ ԽՍՀՄ հավաքականը Բելգիայի դեմ անցկացրած 5 խաղերում տոնել է 4 հաղթանակ և կրել 1 պարտություն: Առաջին հաղթանակը 1966-ի մունդիալի նախապատրաստական փուլում էր, երկրորդը՝ 1968-ին Մոսկվայում կայացած ստուգողական խաղում էր: Իսկ ահա երրորդ և չորորդ հաղթանակներն արդեն աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլի խաղերում էր. 1970-ին Մեխիկոյում խորհրդային ֆուտբոլիստները շանս չտվեցին բելգիացիներին՝ հաղթելով տպավորիչ 4-1 հաշվով, իսկ ահա 1982-ին իսպանական մունդիալում ԽՍՀՄ հավաքականը <<Կամպ Նոու>> մարզադաշտում հաղթեց Բելգիային հայկական Մարադոնայի՝ 20-րդ դարի հայ լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի միակ գոլի շնորհիվ:

Ճիշտ է Խորիկի գոլը չօգնեց խորհրդային հավաքականին դուրս գալ կիսաեզրափակիչ, քանի որ Լեհաստանի հավաքականը խմբում խփաց-բաց թողած գնդակների առավել լավ բալանս ուներ: Բայց և այնպես Խորեն Հովհաննիսյանը առ այսօր համարվում է այն ֆուտբոլիստը, ում գոլը փաստորեն վերջին անգամ հաղթանակ է բերել խորհրդային և նրանց իրավահաջորդ հանդիսացող ռուս ֆուտբոլիստներին բելգիացիների նկատմամբ խաղերում:

Դրանից հետո 1986-ին Բելգիան հաղթանակի հասավ ԽՍՀՄ-ի նկատմամբ: Այդ խաղում անգամ Բելանովի հեթ-տրիկը չփրկեց խորհրդային թիմին պարտությունից: Այդ պարտությունից հետո ռուս ֆուտբոլիստները առավելագույնը ոչ-ոքի արդյունքն են գրանցել բելգիացիների հետ 1996թ.-ին, 2002-ի ճապոնա-կորեական մունդիալում ռուսները պարտվել են 3-2 հաշվով, իսկ 2010-ին սեփական հարկի տակ ընկերական խաղում՝ 2-0 հաշվով:

Խորիկի հաղթական գոլից անցել է 32 տարի, իսկ Ռուսաստանում խոսում են 32 տարվա բելգիական անեծքի մասին: Կկարողանա՞ն ռուսները հաղթահարել այդ անեծքի ուժը՝ կիմանանք այսօր: