Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը: Պատրիարքական ընտրությունից հետո սա Նուրհան Մանուկյանի առաջին այցն էր Մայր Աթոռ:


Նուրհան Պատրիարքին ուղեկցում են Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչ վարդապետ Թեոդորոս Զաքարյանը և աբեղա Տիրան Հակոբյանը:


Նուրհան արքեպիսկոպոսը հանդիսավոր կերպով առաջնորդվեց դեպի Մայր Տաճար, ուր համատեղ արարողությունից հետո Էջմիածնական միաբանության անունից ողջունեց եպիսկոպոս Հովնան Հակոբյանը:


Այնուհետև իր հերթին Մայր Աթոռի միաբաններին դիմեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքը' հայտնելով, որ հոգեկան բերկրանք է իր համար գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: «Անշուշտ, հաճախակի չայցելել դեռևս չի նշանակում, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մեր մտքից ու սրտից դուրս է, ընդհակառակը, յուրաքանչյուր հայի համար Մայր Աթոռը Սրբություն Սրբոց է և պետք է այդպես մնա և պիտի մնա նամանավանդ Երուսաղեմի հայերի համար», - նշեց Նուրհան Պատրիարքն իր խոսքում:


Բարիգալստյան արարողությունից հետո տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռի պաշտնական կայքը, ողջունելով Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին' Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ փաստեց, որ այս օրերին Սփյուռքի և Հայաստանի տարբեր համայնքներից Սուրբ Էջմիածնում ժողովի են համախմբվել Մայր Աթոռի միաբանները և հունիսի 22-ին նաև իրենց մասնակցությունը պիտի բերեն Սուրբ Էջմիածնի տոնին:


Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության գործունեությանը, միաբանության կյանքին, ինչպես նաև հայ ժողովրդի հոգևոր ընթացքին:
Առաջիկա օրերին Ամենայն Հայոց Հովվապետը և Երուսաղեմի Պատրիարքն անդրադարձ կունենան Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին ու ազգային-եկեղեցական կյանքը հուզող տարբեր խնդիրներին:


Հիշեցնենք, որ խորհրդավոր կերպով մամուլում հայտնված, Նուրհան պատրիարքի Գարեգին Բ-ին ուղղված հայտնի նամակից հետո շրջանառվում էին լուրեր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Պատրիարքի միջև գոյությունունեցող անձնական լարված հարաբերություններր վերաբերյալ և կար որոշակի սառնություն երկու եկեղեցական կենտրոնների միջև: Այս այցը թերևս կարելի է մեկնաբանել որպես հաշտությանն միտված առաջին քայլ հատկապես Հայոց Ցեղասպանության Հարյուրամյա տարելիցի ֆոնին, երբ տեղի պիտի ունենա Մեծ Եղեռնի Նահատակների սրբադասման արարողություն ու փաստացի կերպով պիտի վերականգնվի Սրբադասման կարգը Հայ Առաքելական Եկեղեցում: Ամեն պարագայում, քայլն արդեն դրական տեղաշարժ է համազգային միասնականություն ունենալու այս խիստ պատասխանատու ժամանակում ու նաև արժանի օրինակման, երբ անձնական հարաբերությունների բնույթը դրվում է մի կողմ ի սեր ազգային խնդիրների:




Նարեկ Գաբրիելյան