Այսօր մեծագույն զարմանքն ապրեցի SMS ստանալով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից: Գրության մեջ բառացիորեն ասված է հետևյալը՝ “հունիսի 20 փախստականի միջազգային օրն է: Միացեք ՄԱԿ ՓԳՀ-ին՝ (իմա՝Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարին) տեղահանված անձանց աջակցելու գործում: Կարդացեք նրանց պատմություններն այցելելով stories.unhcr.org”: Թյուրիմացաբար կարծեցի, թե ՄԱԿ-ի ՓԳՀ-ի երևանյան գրասենյակն ինչ-որ մոգական կերպափոխման ենթարկվելով, որոշել է մեր և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ադրբեջանահայ փախստականների փշրված ճակատագրերին: Երբ վերընթերցեցի ՄԱԿ-ի գրությունը, հասկացա, որ ոչ միայն սպասումներիս մեջ եմ խաբվել, այլև սադրանքի ու բանսարկության զոհ եմ դարձել՝ փախստականի օրվա առիթով, միջազգային այդ կազմակերպության տեղի գրասենյակի օտար ու հայ աշխատակիցները, համատեղ ջանքերով, հայաստանցիներիս, փաստորեն, կոչ են անում՝ ադրբեջանահայ փախստականների ցավը թողած զբաղվել տեղահանված անձանց խնդիրներով: Արցախյան հակամարտության ընթացքին տեղյակ մարդն այս կոչից մի բան կհասկանա՝ ՄԱԿ-ի ՓԳՀ երևանյան գրասենյակն ուզում է, որ մենք օգնենք ադրբեջանցի հարյուր հազարավոր տեղահանվածներին, քանի որ հայերի մեջ նման կարգավիճակ ունեցող մարդկանց թիվն աննշան է : Այսինքն՝ ուզում են, որ մենք ադրբեջանցիներին օգնենք, որ գան Արցախում հաստատվեն: Ու ոչ մի խոսք հայ փախստականների իրավունքների, նրանց կրած զրկանքների, նրանց կորուստների փոխհատուցման ու ոտնահարված իրավունքների վերականգնման հարցում աջակցություն ցույց տալու անհրաժեշտության մասին: Գուցե կատարվածը թյուրմացության, հարցի թերըմբռնման արդյունք է,կամ էլ հրահանգված է եղել հենց այսպիսի բովանդակություն ունեցող գրություն տարածել ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում, հաշվի չառնելով տեղական նրբությունները, բայց մի բան հաստատ է՝ կամ չինովնիկական անտարբերության պտուղ ե սա, կամ էլ հստակ ուղղորդված միտում:

 

 

Արման Մելիքյան