Ասում են՝ լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության 250 կամավորներ ժամանել են Իրաքի հարավում գտնվող ալ-Նաջաֆ քաղաք, որը հանդիսանում է շիա մուսուլմանների կարևորագույն սրբավայրերից մեկը, և որտեղ գտնվում է առաջին իմամ Ալիի դամբարանը: Այստեղ է տեղակայված նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրաքյան կենտրոնակայանը:

Եթե տեղեկատվությունը հաստատվի, ապա դա կնշանակի, որ Սիրիայից հետո «Հիզբալլահը» ներգրավվում է նաև Իրաքում տեղի ունեցող գործընթացներին: Այս հանգամանքը, փաստորեն, գալիս է հաստատելու նաև կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլահի՝ օրերս հնչեցրած հայտարարությունն առ այն, որ իրենք պատրաստ են Իրաքում զոհաբերելու 5 անգամ ավելի, քան Սիրիայում, քանի որ այս երկրում գտնվում են շատ ավելի կարևոր շիայական սրբավայրեր:


Վերոնշյալից, պարզ է դառնում, որ զարգացումների նման ընթացքը լրջորեն կազդի նաև Լիբանանի ներքաղաքական բավականաչափ փխրուն իրավիճակի վրա:


Մինչ այս, սիրիական ճգնաժամն էր իր ուղղակի ազդեցությունը թողել նաև Լիբանանում տեղի ունեցող գործընթացների վրա՝ փակուղի տանելով նաև քաղաքական զարգացումներն այս երկրում. Լիբանանի խորհրդարանը շուրջ 1 տարի չէր կարողանում նոր կառավարություն ընտրել, իսկ հունիսի 18-ին տապալվեց այդ երկրի նոր նախագահի ընտրության արդեն 7-րդ փորձը. նախագահ Միշել Սուլեյմանի պաշտոնավարման ժամկետը լրացել է մայիսի 25-ին:


Լիբանանում ստղծված քաղաքական դիմակայության պատճառը բացատրելի է այն իրողությամբ, որ լիբանանյան քաղաքական դաշտի երկու հիմնական դերակատարները Սիրիայում պաշտպանում են հակամարտ տարբեր կողմերի. նախկին վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորած «Մարտի 14» քաղաքական ուժերի դաշինքը սիրիական հակակառավարական ուժերի կողմն է, իսկ «Մարտի 8» ուժերի միավորումը, որոնց կազմում առանցքային դերակատարություն ունի «Հիզբալլահը», նաև գործուն աջակցություն է ցուցաբերում Բաշար ալ-Ասադի վարչակարգին և ներկայում էլ, փաստորեն, պատրաստվում է միջամտել իրաքյան գործընթացներին:
Հետևաբար, ժվար չէ կանխատեսել, որ զարգացումների նման ընթացքը և Մերձավոր Արևելքում արդեն իսկ ուրվագծվող շիա-սուննի գլոբալ հակամարտությունը հղի է աղետաբեր հետևանքներով նաև Լիբանանի համար: