Միայնակ մարդկանց մեծամասնությունը երազում է ռոմանտիկ սիրահարության մասին, բայց սիրո փնտրումն իր մեջ բազմաթիվ տխրություններ ու հիասթափություններ է ներառում: Զգացմունքի ծարավը, որն ընդունակ է երջանկացնելու մեզ, մենք վերածում ենք մի յուրովի կանխավայելման: Այո', սիրելի մարդու ներկայությունը հնարավոր է, որ երջանկություն պարգևի, բայց դրան հասնելու համար երբեմն հարկավոր է փոփոխությունների ենթարկել արժեքների ու նախապատվությունների արդեն ընդունված համակարգը: Միայնությունից փրկող ու առօրյա մեծ ու փոքր ձախողումներից շեղող սերը գտնելու ձգտումը կարող է ծանր ու հուսահատ փնտրտուքի վերածվել, ինչը կմեկուսացնի ձեզ շրջապատող մարդկանցից և կսահմանափակի ձեր անհատականության դրսևորումները:


Իրականում ավելի արդյունավետ է կենտրոնանալը նոր ծանոթներ ձեռք բերելու, ընկերական հարաբերություններ կնքելու վրա, նախընտրելի է փորձել հաճույք ստանալ կյանքի ամենաբազմազան արտահայտումներից: Ամեն դեպքում պետք է ընդունեք այն միտքը, որ միգուցե երկար ժամանակ մենակ լինեք և համակերպվեք այդ վիճակի հետ:
Անհրաժեշտ է ընդլայնել հետաքրքրությունների ու զբաղմունքների շրջանակը, կարողանալ գնահատել ընկերությունը և ուրախանալ ընկերների ներկայությունից: Դասավորելով ձեր նախապատվությունները այս կերպ' շրջապատի համար հետաքրքրիր մարդ կդառնաք, շփումների անգնահատելի փորձ ձեռք կբերեք և, վերջին հաշվով, կմեծացնեք ձեր սերը գտնելու հնարավորությունները: Երբ ի հայտ գան բազմակողմանի հետաքրքրություններ, բազմազան զբաղմունքներ, լավ ծանոթներ ու ընկերներ, ձեր ձգտումը' գտնելու սեր ինչ գնով ուզում է լինի, կվերանա, և նպատակը կիրականանա ինքնըստինքյան:


Նախքան կյանքի ուղեկից ընտրելը օգտակար է որոշակի ժամանակահատված շփվել տարբեր մարդկանց հետ: Դա ձեզ կօգնի ավելի լավ դատել մարդկային բնավորությունների ու որակների մասին: Այն մարդիկ, ովքեր ծանոթությունների մեծ փորձ ունեն, սովորաբար ավելի հաջողակ են կյանքի մշտական ուղեկից գտնելու հարցում: Նա, ով շատ ընկերներ ու մտերիմներ ունի, դժվար թե իրեն թույլ տա, որ հարաբերությունները սիրելիի հետ լինեն աններդաշնակ, կոնֆլիկտային ու նվաստացուցիչ կամ ուղեկցվեն վիրավորանքներով ու բռնություններով:


Ծանոթական, ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ հաստատելիս չափազանց խստապահանջ մի եղեք դիմացինի հայացքների, դատողությունների ու այլ հատկանիշների վերաբերյալ. առօրյա կյանքում դրանք այնքան կարևոր չեն, որքան լավ բնավորությունը: Բացի այդ' ժամանակի հետ մենք սկսում ենք գնահատել մարդկանց մեջ առաջին հայացքից լիովին աննկատ գծեր:


Եթե դուք չեք սիրում ֆլիրտներ ունենալ կամ այլ կերպ' սիրաբանել, և երբեք ժամադրություններ չեք նշանակել պարզապես հետաքրքրության համար, ապա, հավանաբար, ձեզ անհարմար կթվա ընտրած աղջկան (կամ տղային) սիրահետելն ու ուշադրության նշաններ ցուցաբերելը:


Այդ դեպքում ժամադրություններ նշանակելու մեջ փորձ ձեռք բերեք այն ծանոթ-մտրիմների հետ, ովքեր, ամենայն հավանականությամբ, ձեզ չեն մերժի: Խուսափե՛ք ինքներդ ձեզ կեղծելուց և անկեղծ ցույց տվեք ձեր վերաբերմունքը զուգընկերոջը:

 


Հոգեբան Չաք Ֆոլքեն
թարգմանությունը՝ erkusov.com-ի