«Երեխան որպեսզի զգա կյանքի քաղցրությունը, հոգեպես պետք է հանգիստ լինի»' Մակարենկոյի այս խոսքերը կարելի է ասել դասական են դարձել, մանավանդ մեր երկրի համար: Փողոցով ման ես գալիս և հաճախ տեսնում, թե ինչպես է լավ հագնված երեխայի կողքով քայլում է համարյա 10-15 տարվա մաշվածությամբ հագուստով ծնողը: Նայում ես և ամբողջ մարմինդ փշաքաղվում է, քանզի հասկանում ես, որ երեխայի ծնողները ժողովրդական լեզվով ասած « չեն ղմշում» իրենց համար մի նոր հագուստ գնել, նրանք մի նպատակ ունեն տեսնել իրենց երեխային լավ հագնված և ապահով ամեն առումով…:
Սակայն, երբ նայում ես երեխայի դեմքին հասկանում ես, որ նա անկախ իրենից, թեկուզ անգիտակցաբար շատ տխուր հայացք է ձեռք բերել: Ինքնդ քեզ հարց ես տալիս'-« չէ, որ օրենքով երեխան պետք է ուրախ լինի, չէ, որ նա կարծես թե ամեն, ինչ ունի երջանիկ լինելու համար, սակայն արի ու տես նա տխուր է, ինչու է այդպես…»: Եվ հենց այստեղ մտաբերում ես Մակարենկոյի վերոհիշյալ խոսքերը, չէ, որ երեխան ակամայից վկա է դառնում, թե ինչ ապրումների մեջ են իր ծնողները, չէ, որ նա տեսնում է, թե ինչպես են իր ծնողները մերթ ընդ մերթ գումարի պատճառով իրար հետ վիճում, չէ, որ նա տեսնում է, թե ինչպես է ամեն օր իր ծնողը աշխատանքից վերադառնում մռայլ և դատարկ ձեռքերով:
Մենք պահում ենք մեր երեխաներին բառի բուն իմաստով կաշիներիցս դուրս գալով:
Առավոտվանից իրիկուն աշխատում ենք, բայց ապարդյուն…:
Փորձեք նայել հարուստների երեխաների դեմքին և կտեսնենք, որ վերը ասվածը բացարձակ ճշմարտություն է, քանզի հարուստի երեխայի դեմքին չկա այն դրոշմը, որը կարող է թողնել միայն աղքատ ապրելակերպը:
Այսինքն մեր երկրում իրավունք ունեն երջանիկ լինել միայն հարուստների երեխաները/ այն էլ հիմնականում ոչ օրինական ճանապարհներով հարստացածների/, իսկ սովորական աշխատողների երեխաները ոչ, քանզի մեր երկրում ցավոք սրտի գրեթե առանց գողանալու, կամ առանց «կռիշի» անհնար է լավ ապրել, ով էլ, որ իր քրտնքով է հարստացել նա վտանգված է վաղը աղքատանալու, քանզի երկրի տերերը կարող է մի օր խլեն այդ հարստությունը օգտագործելով մենաշնորհի իրենց բացառիկ իրավունքը:
Կարեն Թումանյան