Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը հասարակությանը հուզող լուրջ խնդիրներին անդրադառնում է «ձեռի հետ»: Գնացել էր շրջայցի մի արտադրական ձեռնարկություն, «ձեռի հետ» էլ պատասխանել ավագ հրուշակագործի աշխահաքաղաքական մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցին:


Մի տեսակ տպավորությունս այնպիսին է, որ մեր երկրում բոլորը լուրջ են, բացի գործող նախագահից, քանի որ ինքը կարևորել է նոր մոմպասը, համտեսել ու իր հեղինակավոր կարծիքն ասել՝ համային հատկանիշների մասին, իսկ գործարանի աշխատակիցները նրան լուրջ գործից կտրել են ու հարցրել Եվրասիական միությանը մեր անդամակցության գործընթացից:


Ի դեպ, չկարծեք, թե Սարգսյանը մեր հորդորները լսելով վերջապես հարցազրուցի ձևաչափով պատասխանեց կուտակված հարցերին: Դա էլ էր «ձեռի հետ»-ի շրջանակներում: Գնացել էր հանրային հեռուստաընկերության խնդիրներին ծանոթանալու ու օգտվելով առիթից, ինչպես ինքը նշեց խոսքի մեջ, հարցազրույց տվեց՝ մեզ ուզող հարցերի շուրջ:


Ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ եմ Ազատիչի հարցազրույցը երեկ «ձեռի հետ» նայել՝ ֆուտբոլների արանքում, ու այսօր միայն փորձեմ համառոտ գնահատական տալ Սարգսյանի հարցազրույցին:


Նախ. այդ օլիմպիական հանգիստ տոնը (որն իր մոնոտոնությամբ քնեցնում էր), որով Սարգսյանը ցույց էր տալիս, թե ամեն ինչ նորմալ է ու գտնվում է իր հսկողության տակ: Այ հենց դրանից էլ ավելի ենք անհանգստանում, երբ գիտենք, որ ոչ մի բան էլ նորմալ չի ու ինքն էլ իրավիճակին բացարձակապես չի տիրապետում:


Երկրորդ. բոլորը մեղավոր են ու սխալ՝ «քառյակը», ԼՂՀ-ն մերը համարողները, մի խոսքով՝ բոլորը: Ճիշտ են միան ինքը, դե լուրջ քաղաքական գործիչ ու իր սիրելի Գյուլը, որի «կենացը խմեց հոտընկայս», և մեկ էլ Ալիևը, որը հանդիսանալով ադեկվատ գործիչ՝ միանգամայն բնական է, որ պետք է նամակ հղեր ԵՏՄ գագաթնաժողովին:
Մարդն այնքան իրականության զգացողությունը կորցնի, որ ասի՝ «քառյակը», եթե խնդիրներ է բարձրացնում, ապա չպետք է օգտագործի պահանջում եմ բառը: Մինչև հիմա չի հասկացել, որ իրենից պահանջում են, ոչ թե իրեն խնդրագիր են ներկայացրել, որ ինքն էլ ասի՝ որն արդեն անում ենք՝ անում ենք, որը կարող ենք անել կանենք, որն էլ չենք կարող՝ կասենք չենք անելու ու վե՛րջ: Այսինքն նույնիսկ չի հասկացել, որ այդ հայտարարությամբ իրեն ներկայացվել է քաղաքակիրթ ուլտիմատում, որ եթե չանես՝ գնալու ես տուն:


Հերթական անգամ ասում է, որ մենք անդամակցում ենք Մաքսային միությանը: Լավ ինչպե՞ս բացատրենք, որ այդ ՄՄ-ն այլևս չկա, ու մենք, եթե բան չփոխվի, անդամակցելու ենք Եվասիական միությանը: Բայց դա էլ ամենը չէ:
Ասում է՝ մենք խնդրեցինք, որ իրենք մեզ զիջեն մի 5-10 տարով այս կամ այն հարցը (օրինակ՝ ավտոմեքենա բերելը), ու կարծում եմ կանեն: Այդ ինչո՞ւ ենք մենք խնդրում։ Եթե մեր շահերից չի բխում այս կամ այն հարցը՝ կարող ենք և չանդամակցել ԵՏՄ-ին, այլ ոչ թե՝ չգիտենք, թե մեր խնդիրներին ինչ լուծում են տալու, բայց ասում ենք, որ անդամակցության որոշումը վերջնական է:


Ու ամենակարևորը: Եթե ուզում ես բոլորիս սխալ հանել, թե Ղարաբաղը մերը չի, քանի որ անկախ պետություն է, ուրեմն վաղը ստիպված ես լինելու խոստովանել, որ ԵՏՄ-ի ու հարևան անկախ պետությունների հետ սահմանները պետք է կարգավորվեն միության համաձայնության շրջանականերում ու դա ընդհանուր է լինելու բոլոր հարևանների համար, այսինքն՝ այսօր արդեն հող ես նախապատրաստում, որ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի սահմանին լինելու է և՛ միության մաքսավորը, և՛ սահմանապահը:


Ասում է հիմա 60 տարեկան եմ, բայց հույս ունեմ, որ 65-ին մեր բոլոր խնդիրները լուծված կլինեն՝ ներգաղթ կսկսվի: Հազիվ մի ճիշտ բան ասեց: Մենք էլ հույս ունենք, որ այս աշնանը քեզ բարով-խերով ճանապարհ կդնենք ու հայտնի անեկդոտի նման, որ դու գնաս՝ բոլորը կգան, ու բացի այդ՝ մեր երկրի առաջ ծառացած բարդ հիմնախնդիրները 5 տարում հազիվ կլուծենք: Բայց որպեսզի լուծենք, դու 65 չէ, 61–ամյակդ էլ պետք է նշես պետական կառավարման համակարգից հեռացված։ Այլապես Արցախին ազատություն չի կարող լինել, արտագաղթը կշարունակվի, Հայաստանը կթուլանա։

 

 


Արմեն Հարությունյան