Այսօր Արդարադատության ակադեմիայում վերապատրաստման դասընթաց էի անցկացնում Դատական կարգադրիչների համար: Քննարկում էինք կարգադրիչ-հասարակություն և կարգադրիչ-լրագրող շփումները: Դասընթացի ընթացքում վեր հանվեցին խնդիրներ, որոնք ինչ-որ կերպ դժվարացնում են այդ հարաբերությունները: Բոլոր խնդիրները քննարկեցին մանրամասն և գտնվեցին դրանց հաղթահարման ուղիները: Վստահ եմ, որ այս խմբի կարգադրիչների մոտ շուտով նկատելի կդառնա դրական փոփոխությունները:

 

Բայց քննարկման ընթացքում ինձ կարգադրիչները դժգոհություն հայտնեցին որոշ փաստաբանների վարվեցողությունից: Մասնավորպես, պարզվում է, որ կան փաստաբաններ, որոնք կարող են դատարանի շենք մտնել և կարֆադրիչների ծառայության աշխատակցին բացահայտ առհամարանք ցույց տան: Օրինակ՝ կարգադրիչը փաստաբանին հարցնում է ո՞ւր եք գնում, փաստաբանն էլ պատասխանում է՝ «մինչև հիմա ինձ չես ճանաչո՞ւմ»: Կամ, որ նույնպես անընդունելի է, փաստաբանը կարող է կարգադրիչին առհամարել, չպատասխանել հարցին, կամ պատասխանել՝ «էլ ուր պետք ա գնամ, դատական նիստի»: Նման փաստաբաններին ուզում եմ տեղեկացնեմ, որ իրենք կարող են նաև դատարանի շենք մտնել գրասենյակ գնալու համար, ասենք՝ հայցադիմում կամ այլ փաստաթուղթ հանձնելու:


Կարգադրիչներին խնդրել եմ, որ այսուհետ այդպիսի դեպքերն անմիջապես հայտնեն ինձ, մասնավորապես նշելով փաստաբանի անունն ու անհարգալից վարքագիծը:


Հարգելի փաստաբաններ, Դատական կարգադրիչները մեծ հարգանքի են արժանի, իրենք են ապահովում հենց ձեր անվտանգությունը դատարանում: Աշխատեք լինել զսպված, հարգել դիմացինին անկախ նրա զբաղեցրած դիրքից: Իսկ Դատական կարգադրիչների նկատմամբ հորդորում եմ ցուցաբերել առանձնահատուկ հարգանք:
Խոստանում եմ նման դեպքերին անձամբ հետևել և առանց մտորելու բոլորին ներկայացնել փաստաբանին՝ իր ողջ «հմայքով», որը ցուցաբերում է դատարանի շենքում:


Փաստաբանական դպրոցին էլ հորդորում եմ վերապատրաստման դասընթացներում ուշադրություն դարձնել այս խնդրին:

 

 

Արսեն Բաբայան