Երջանկությունն այն վիճակն է, որին ձգտում է յուրաքանչյուրս։ Այլ հարց է, որ յուրաքանչյուրս յուրովի է այն պատկերացնում ու տեսնում, մեկի համար դա հաջող ընտանիքն է, մյուսի համար՝ մասնագիտական հաջողությունները, երրորդի համար՝ նյութական ապահովվածությունը։ Բայց կա մի սխալ համոզմունք, թե իբր երջանկությունը դժվար հասանելի է։ Չգիտես ինչու, սովոր ենք մտածել, որ այն, ինչ հեշտ է տրվում, արժեք չունի։ Չենք հավատում այն երջանկությանը, որն իրեն-իրեն մեր ձեռքն է ընկնում։ Ստացվում է՝ փոխանակ վայելենք մեզ տրվածը, սկսում ենք ինքներս մեզ համար դժվարություններ ու տառապանքներ ստեղծել, հետո հերոսաբար հաղթահարել դրանք և նոր միայն մեզ երջանիկ զգալ։
Սահմանեք ձեր երջանկության չափորոշիչները
Երջանիկ լինելը նույնպես նպատակ է. իսկ նպատակին հասնելու համար պետք է այն պատկերացնել։ Կարգավորեք ձեր մտքերը, փորձեք հասկանալ՝ ինչն է կյանքում ձեզ հաճույք պարգևում։ Կազմեք այն ամենի ցուցակը, ինչը ձեզ հաճելի է, և առանց ինչի ձեր առօրյան հաստատ ավելի մոխրագույն կլիներ, քան հիմա է։ Դա կարող է լինել հարևանների հետ սրճելը, ընկերուհիների հետ քաղաքում զբոսնելը, գնումներ անելը, կամ, ասենք, կարուձևն ու խմորեղեն պատրաստելը։ Եթե ցանկություն չունեք այդ օրը ըկերուհիների կամ բարեկամների հետ հանդիպելու, պարզապես հրաժարվեք։ Անգամ հլու-հնազանդ հայ կինը կարող է ժամանակ առ ժամանակ իրեն նման շռայլություն թույլ տալ և հաշվի առնել նախ և առաջ սեփական ցանկությունները։
Հիմք ընդունեք այն, ինչ կարող եք անել
Երջանկությունը պետք է հենվի կարող եմ և ուզում եմ արտահայտությունների համադրության վրա։ Ուզելն այս դեպքում քիչ է, այն դեռ պետք է իրականացնել, հակառակ դեպքում՝ այդ երջանկությունը կմնա օդից կախված, որը մի օր ուղղակի կանհետանա՝ թողնելով հիասթափության տհաճ զգացում։ Հիշեք, որ ձեր ցուցակում պետք է լինի այն, ինչ ինքներդ կարող եք անել և մեծ հաշվով դա ուրիշներից կախված չէ։
Ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք
Երջանկությունը սկսվում է սեփական անձի հետ համերաշխությունից։ Անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր մարդ ունի և՛ արժանիքներ, և՛ թերություններ։ Սկսեք ճանաչել ձեր արժանիքները և վերափոխել թերությունները։
Կարճ ուղի
Թերևս ամենակարճ ուղին, որ տանում է դեպի երջանկություն, մեկ ուրիշին երջանկացնելն է։ ժպիտ և ուրախություն պարգևեք դիմացինին և անգամ անծանոթին։ Իսկ երբ ստանաք պատասխան ժպիտ, ձեր կյանքին կավելանա ևս մի քանի գրամ երջանկություն։
Ապրեք ներկայով
Երջանիկ լինել պետք է այսօր, հենց հիմա և ոչ թե երեկ կամ վաղը։ Եթե օրվա ընթացքում ուշադրություն դարձնեք, կնկատեք, որ անընդհատ մտածում եք այն մասին, ինչ կատարվել է երեկ, կամ ինչ պատրաստվում եք անել վաղը, ու չեք էլ նկատում, որ այդպես բաց եք թողնում ներկան։ Որսացեք երջանկություն կոչված դրական զգացողությունների այդ կծիկը հենց այս պահին։
Մի մոռացեք տրամադրության մասին, լավ տրամադրությունը երջանկության բջիջն է։
Սկսեք Երաժշտությունից։ Երաժշտությունն աստվածային պարգև է, որ տրված է մարդուն գեղեցիկը յուրովի զգալու, հոգեկան ներդաշնակություն ձեռք բերելու համար: Անկասկած ունեք սիրած երաժշտություն կամ երգ, որը ստիպում է կիսաձայն կամ գուցե բարձրաձայն նա-նա-նա անել։ Գիտնականներն ապացուցել են, որ 10 րոպե երգեցողությունը զգալիորեն նվազեցնում է սթրեսի հորմոնները։
Կերեք մի կտոր լավ տրամադրություն՜ շոկոլադ, մեղր, ընկույզ, խաղող կամ կծու-թթու ինչ-որ բան։ Իսկ մրգերն ու բանջարեղենը սոսկ վիտամինի աղբյուր չեն, հիշեք գունաթերապիայի մասին։ Կարմիրը տրամադրություն է բարձրացնում, նարնջագույնը կենսուրախություն է հաղորդում, դեղինը պայքարում է ծուլության դեմ։
Հիշեք հաճելին։
Տխուր մտքերից ոչ մեկս ապահովագրված չենք, կարևորը դրանց մեջ չսուզվելն է։ Եթե ինչ-որ բան այն չէ, նեղված կամ թևաթափ եք եղել, շեղեք ձեր մտքերի ընթացքը, հիշեք հաճելի ակնթարթները, այդպիսիք հաստատ կլինեն։ Եթե այնուամենայնիվ դժվարանում եք հիշել, բացեք ընտանեկան ալբոմը...
Հնարավոր է՝ այս պահին ձեր կյանքում ամեն ինչ խճճված է, իսկ խնդիրների կույտը օր օրի մեծանում է։ Հնարավոր է՛ չկա այն մեկը, ով ի վիճակի է սփոփելու։ Եվ հնարավոր է՝ ուզում եք բղավել՝ այլևս չեմ դի-մա-նում։ Հավատացեք՝ երջանկությունն ամենևին այն չէ, երբ խնդիրներ չկան։ Երջանիկ ես նաև, երբ անհաջողություններն ընդունում ես ոչ թե որպես խոչընդոտ, այլ ավելիին հասնելու միջոց։
Շուշան Հակոբյան