1. Ռիթմիկ քայլվածք: Լարվածությունը և թուլացածությունը ռիթմիկ կերպով հաջորդում են իրար, շարժումները սահուն կերպով անցնում են մեկը մյուսին: Բարձր տրամադրություն: Կայտառություն: Կարող է հեշտությամբ, առանց պատճառի փոխակերպվել արագ տեմպի:
2. Ռիթմիկ - ճոճվող քայլվածք: Անհոգություն, բավարարվածություն, ինքնագոհություն:
3. Հավասարաչափ քայլվածք: Ուղղաձիգ, լարված շարժումներ: Կամային ակտիվություն, նպատակամղվածություն: Կոչվում է «բանակային քայլք»:
4. Ռիթմից «ընկած» քայլվածք: Սայթաքում, հապաղում, ընդհատվող շարժումներ, անվստահություն, ներքին ազատության պակաս, երկչոտություն: Քայլում է ինչպես «ծեծված շունը»:
5. Տատանվող, ռիթմից զուրկ քայլվածք: Ոտքերը քարշ է տալիս, գլուխը կախ է, տրամադրությունը' ճնշված: Հաճախ կարելի է տեսնել մայթերի եզրերին մոլորված թափառելիս, ասես խիստ հետաքրքրված է այնտեղ կուտակված աղբով:
6. Լայն քայլեր: Արտահայտում է նպատակամղվածություն, նախաձեռնողականություն, անբռնազբոսություն: «Պետրոս Մեծի» քայլվածք:
7. Կարճ քայլեր: Զգուշություն, զսպվածություն, հարմարվողականություն, դյուրազգացություն: Դասական օրինակը Չարլի Չապլինի ստեղծած կինոհերոսներն են:
8. Ընդգծված լայն քայլեր և դանդաղ քայլվածք: Իրեն ցուցադրելու մարմաջ, մեծամիտ շարժուձև, շրջապատին իր կարևորությունն ապացուցելու ցանկություն: Նման քայլքով որոշ , վատ դաստիարակված տղամարդիկ մոտենում են անծանոթ կնոջը' դեմքին տալով «տես է՜, ինչ անկրկնելի եմ» արտահայտությունը:
9. Մանր, արագ, ոչ ռիթմիկ քայլեր: Կրուկներով նյարդային թմբահարում գետնին, հուզվածություն, անախորժություններից խուսափելու ձգտում:
10. Թուլացած քայլվածք: Անտարբերություն, հետաքրքրության բացակայություն, տհասություն, անփութություն: Հատուկ է աննպատակ ժամանակ վատնող «լավ տղերքին»:
11. Ճոճվող քայվածք: Յուրաքանչյուր քայլն անելիս առաջ է մղում մեկ, ապա մյուս ուսը: Հատուկ է ծանրորդներին, որոնք այնքան էլ ուժեղ չեն, որքան ցանկանում են ցույց տալ:
12. Քսքստացնել: Ծանր, ճապաղ շարժումներով փոխանակող ալարկոտ , դանդաղ, ծույլ քայլեր: «Օբլոմովի քայլվածք» (ռուս նշանավոր գրող Իվան Գոնչարովի հերոս Օբլոմովը նմանակվում է ծույլ, ալարկոտ և իրականությունից կտրված երազներով ապրող մարդկանց հետ):
13. Մարդիկ, որոնք զբաղված են խորքային ինչ-որ խնդիրների լուծումով քայլում են դանդաղ, մտազբաղ, գլուխները կախ, ձեռքերը մեջքին խաչաձևած' «Նապոլեոնի քայլվածք»: Նրանցից ոմանք հաճախ կանգ են առնում, ոտքով հարվածում են ճանապարհին ընկած փոքր քարերին կամ բարձրացնում են գետնին ընկած թղթի կտորը, շուռ են տալիս, կրկին գցում են վար. կարծես ասում են իրենք իրենց. «Քննենք այս պրոբլեմը բոլոր կողմերից»:
Անուշ Պետրոսյան