Հիմա եմ հասկանում, թե ինչու երկու հազար տարի շարոււնակ հայերս զիջեցինք մեր դիրքերը մեր հարևանների հետ տեղի ունեցած անվերջ բախումներում: Ամենամեծ հզորությանը հասած արքայից արքա Տիգրանից հետո նրա որդու՝ Արտավազդի դժբախտ ճակատագրից հետո մենք մեծ հաշվով՝ առանց հաշվի առնելու առանձին բացառությունները, որոնք չկարողացան փոխել «զարգացման» միտումը, չունեցանք էլիտա և թագավոր, որ օժտված լինեին պետական մտածողությամբ:
Այն, ինչ տեսնում ենք այսօր՝ գզվռտոց հանուն անձնական և կամ հատվածական շահի, որի դեպքում տասներորդ պլան է մղվում պետությունն ու ժողովուրդը՝ որպես այդ պետությունը պահող ու շենացնող գործոն (էություն և այլն՝ ինչ կուզեք ասեք), նույնը եղել է դարեր առաջ ու բերել նրան, ինչ ունենք այսօր: Առանձին ժամանակներում առանձին հերոսների շնորհիվ և կամ նրանց կյանքի գնով հասել ենք ինչ-որ բանի, ինչը թույլ չի տվել, որպեսզի իսպառ վերանանք, բայց դա, կրկնվեմ, ըստ էության չի փոխել մեր կյանքի ընթացքը: Եվ նույն տրամաբանությամբ ամբողջությամբ մեղավոր կլինի մեր սերունդը, եթե վաղը մեր մասին մտածեն այնպես, ինչպես ես եմ հիմա մտածում մեր նախորդների մասին:
Վախթանգ Սիրադեղյան