Շատերի կարծիքով՝ ճապոնացի մրցավար Յուիտի Նիսիմուրան, ով սպասարկել է առաջնության Բրազիլիա-Խորվաթիա մեկնարկային հանդիպումը, դարձել է առաջնության ՙհերոսներից՚ մեկն՝ ակհայտորեն խաղը վարելով տանտերերի օգտին:
Մասնավորապես, խոսվում է մրցավարի երեք սխալի մասին:

 


Խաղավարտից 20 րոպե առաջ, երբ խաղի հաշիվը 1:1 էր՝ Նիսիմուրան համարեց, որ խորվաթ պաշտպան Դեյան Լովրենը կոպիտ է խաղացել բրազիլացի Ֆրեդեի դեմ ու նշանակեց 11 մետրանոց հարված, ինչը շատերի կարծիքով՝ ճակատագրական եղավ խաղի ելքի համար:

 


Խորվաթնրը ու էլի շատերը կարծում են, որ այդ 11 մետրանոցը տեղին չէր, ինչպես նաև պնդում են որ ՙմաքուր՚ էր խորվաթների խփած ու մրցավարի կողմից չհաշված գնդակը՝ խաղավարտից 7 րոպե առաջ: Եթե այդ գոլը գրանցվեր, հաշիվը կդառնար 2:2՝ անկանխատեսելի դարձնելով խաղի ելքը:


Նույն Դեյան Լովրենն ասել է, թե անհնար է խաղալ ՙ12 ֆուտբոլիստի՚ դեմ՝ ակնարկելով, որ ճապոնացի մրցավարը գործել է բրազիլացիների օգտին:


Մասնագետները նաև կարծիք են հայտնում, որ Յուիտի Նիսիմուրան պարտավոր էր բրազիլացի Նեյմարին պատժել ոչ թե դեղին, այլ՝ կարմիր քարտով: Վերջին դիտողությունը, թերևս, փոքր-ինչ չափազանցված է:
Անգլիայի հավաքականի նախկին հայտնի ֆուտբոլիստ Հարի Լինեկերը Twitter-ում ավելի կոշտ է արտահայտվել: ՙԴժվար է որոշել Բրազիլիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստին՝ Նեյմարի ու մրցավարի միջև՚-ասել է նա:
Ֆուտբոլը գեղեցիկ է արդար խաղով ու հուսանք, որ մյուս խաղերում մրցավարական սխալներ չեն լինի:

 

Սուրեն Սուրենյանց