Այսօր Ստեփանակերտում կայացած հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո ԼՂՀ և ՀՀ ԱԺ նախագահներ Աշոտ Ղուլյանը և Գալուստ Սահակյանը հանդես գալով համատեղ մամլո ասուլիսով՝ պատասխանել են նաև լրագրողների հարցերին։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, այն հարցին, թե ինչպես են վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկած կետերում ներառված՝ տարածքներ հանձնելու դրույթին, ՀՀ ԱԺ խոսնակ Գ. Սահակյանը պատասխանեց, որ ամերիկացի համանախագահի առաջարկած կետերն ընդամենը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ներկայացված առաջարկություններ են, որոնց հիման վրա դեռևս պետք է քննարկումներ տարվեն, սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմի համար միանշանակ ընդունելի են բոլոր կետերը։
Իր հերթին Ա. Ղուլյանը նշեց, որ հայկական կողմը ևս տարածքային կորուստներ ունի, և միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո ընդունվելիք համատեղ հայտարարության մեջ անպայման այդ մասին անդրադարձ կլինի։
Խոսելով ՀՀ Եվրասիական միություն մտնելու որոշման և դրա հետ կապված Արցախի հետագա ճակատագրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Արցախի ճանաչման հարցը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչը։ «Հայաստանը երբեք մաս չի կազմի այնպիսի միջազգային կազմակերպության, որտեղ արցախյան հիմնախնդրի լուծումը ոչ հայանպաստ ընթացք կստանա»,-ասաց Գալուստ Սահակյանը։
Այն հարցին, թե ՀՀ-ն ինչպես է հակադարձում Ադրբեջանի իշխանության կողմից տարվող ռազմատենչ քաղաքականությանը՝ Գ. Սահակյանը նշեց, որ ամեն երկիր ունի իր շահը, և այդ առումով Հայաստանը պաշտպանում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ ամենօրյա գործուն աշխատանք տանելով այդ ուղղությամբ։ «Այս հարցում կարևորը Արցախի ժողովրդի վճռական կամքն է»,-ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը։
Նշենք նաև, որ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Արցախի գործընկերների հետ կլինեն առաջնագծում, որից հետո նախատեսված է հանդիպում ԼՂՀ նախագահի հետ։
Վրեժ Հովսեփյան