Քիչ առաջ արել էի մի գրառում՝ փորձելով պարպել ներսումս կուտակված դառնությունն ու անզորությունը:Այժմ պարզաբանեմ: Այսօր Գերմանիայից ժամանած հյուրերիս հետ այցելեցի Էջմիածին: Ըստ ծրագրի նախատեսված էր նաև այցելություն Զվարթնոց: Հիշեցման կարգով ուղղակի ասեմ, որ սովորաբար Զվարթնոցն այս օրերին աշխատում է: Ես ամբողջ ճանապարհին մեծ հուզմունքով ներկայացնում էի Զվարթնոցն ու նրա կարևորությունը հայկական մշակույթի համար, նրա ազդեցությունն ու եզակիությունը համաշխարհային մշակույթի ոլորաններում՝ նախապատրաստելով հյուրերիս առաջիկա այցին: Զվարթնոցի դարպասների առաջ մեզ դիմավորեցին սլավոնական արտաքինով մարդիկ, ովքեր ինչ-որ բեյջ էր էին կրում: Մեզանից առաջ տարածքից դուրս եկավ մի ճերմակ երկար մեքենա (ամենայն հավանականությամբ հարսանեկան լիմուզին էր):

 

Դարպասների մոտից արդեն երևում էր, որ Զվարթնոցի ավերակների վրա ինչ-որ ծածկ է ավելացված, կամ միգուցե էկրան՝ լուսային ինչ-որ էֆեկտների համար, չեմ կարող պնդել, իսկ ամբողջ ընթացքում տաքսիներ էին ելումուտ անում: Ինչևիցե, մեզ դիմավորող անձինք ռուսերենով ասացին, որ Զվարթնոցն այսօր չի աշխտում, իսկ ես հակադարձեցի, որ այն այսօր պիտի աշխատի ու խնդրեցի կանչել հուշարձանի աշխատակցին, որպեսզի մեզ բացատրի, ինչն ինչոց է: Իսկ մեր շիկահեր երիտասարդներն ասացին, որ ոչ մի աշխատող էլ չկա, և որ մենք պարտավոր ենք լքել տարածքը: Փորձեցի ճշտել, թե ինչ միջոցառում է ներսում, որպեսզի հյուրերիս բացատրեմ, թե այդ որ ընտրյալի պատճառով է, որ մենք զրկվում ենք հուշարձան այցելելու մեր իրավունքից:

 

Իսկ մեր ռուսազգին ինձ շատ կոպիտ տոնով պատասխնեց, որ դա իմ գործը չէ, որ նրանք այստեղ փակ միջոցառում ունեն, և որպեսզի ես հավաքեմ իմ հյուրերին ու հեռանամ: Խնդրեցի մնալ էթիկայի սահմաններում, և ադեկվատ հնչած հարցին տալ ադեկվատ պատասխան, ու հորդորեցի չգոռալ ինձ վրա իմ տան մեջ: «Քո տան մե՞ջ...» քմծիծաղով նետեց մեր ռուս բարեկամը... Երկինքը փուլ եկավ գլխիս... Այնուհետև եկավ ամենադառը պահը, երբ հյուրերս սկսեցին հարցերի տեղատարափը, քանի որ հասկացել էին, որ զրուցակիցներս ռուսներ էին: Ուզում էին իմանալ, թե ինչ գործ ունեին այդ ռուսախոս երիտասարդներն այդտեղ, ինչո՞ւ էին փակել դեպի Զվարթնոց տանող ճանապարհը, թե ինչ էր ներսում կատարվում, և որ արդյոք յուրաքանչյուր ոք իրավունք ունի սեփական ցանկությունը բավարարելու համար «փակել տալ» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նմուշ հանդիսացող հուշարձանը: Չգիտեի ինչ ասել, ու չգիտեմ, թե հիմա ինչ ասեմ... Ես կարծես երկնքից վեջապես երկիր ընկա ու ծանոթացա այն իրականությանը, որ մինչ այժմ չէի ուզում նկատել, չէի ուզում հավատալ... «Քո տան մե՞ջ» մինչև հիմա ականջներիս մեջ զնգում ա... Հարց, իսկ միգուցե նրանք ճի՞շտ էին, իսկ մգուցե իրոք էս գրողի արած որջն այլևս իմ տունը չէ՞... Չգիտեմ, մեջս մի բան է կոտրվել: Միգուցե դուք չհասկանաք էն ամենն, ինչ ես վերապրեցի... Բայց մի բան հաստատ է, ես էլ առաջվանը չեմ՝ անսահման հավատով լեցուն ու վստահ, թե ես եմ իմ երկրի տերը... Ես էլ ոչնչի չեմ հավատում... (((

 

 

Յա Շա