Նախիջևանի ուղղության վրա չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ է զենքի կիրառմամբ ու զոհերով միջադեպ տեղի ունեցել: Շատ է խոսվում այն մասին, որ հակառակորդը հուժկու հակահարված է ստացել և, անգամ, իր որոշ դիրքերից դուրս մղվել: Պարտավոր ենք հիշել, որ Թուրքիայի հետ անմիջական ցամաքային կապ ունեցող Նախիջևանը Հայաստանի համար զգալի վտանգ ներկայացնող լուրջ ռազմական սպառնալիք է:Ավելին՝ այն նաև մեր շահերի դեմ աշխատող էական աշխարհաքաղաքական գործոն է, քանի որ ունի իր ներկայիս կարգավիճակի արտաքին երաշխավորներ՝ հանձինս Ռուսաստանի և Թուրքիայի: Թերևս հենց այս հանգամանքն է պատճառ եղել հայ-ադրբեջանական դիմակայաության՝ այս հատվածում տարիներ շարունակ հարաբերական խաղաղության պահպանման համար, հակառակ նրան, որ Նախիջևանն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Երևանին ամենամոտ տարածքն է և այստեղից ավելի հեշտ կլիներ լարվածության մեջ պահել Արարատյան դաշտի, մայրաքաղաքի բնակչությանը: Ադրբեջանական կողմն օրերս խախտեց այստեղ ձևավորված “խաղաղ գոյակցության” ավանդույթը և սա կարող է նոր զարգացումների նախանշանը լինել՝ հատկապես մեզ հարող տարածաշրջաններում ծավալվող իրադարձությունների համատեքստում: Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող պատերազմական գործողությունները հիմք տալիս են ենթադրելու, որ գործի է դրված այդ երկրների մասնատման ծրագրի հերթական փուլը, որի արդյունքում կարող է ստեղծվել անկախ քրդական պետություն և այժմ խնդիրը կայանում է նրանում, թե այդ պետությունը կոնկրետ որ տարածքների վրա պետք է ձևավորվի: Գործընթացն այնպիսի ուղղվածություն կարող է ձեռք բերել, որ ներկայիս Թուրքիայի Հայաստանին ու Նախիջևանին հարող տարածքները ևս հնարավոր է, որ դիտարկվեն այդ ստեղծվելիք պետության մասը, իսկ դա նշանակում է, որ մեր անմիջական հարևանությամբ կառաջանան զինված բախումների նոր խոշոր օջախներ: Այս կարգի վտանգը նոր մարտահրավեր է լինելու մեզ համար, իսկ նախիջևանյան միջադեպն էլ արժե դիտարկել նաև այսօրինակ սցենարի իրական դառնալու հեռանկարի համատեքստում:Մենք պետք է պատրաստ լինենք թե′ պաշտպանության, թե′ սրընթաց հակագրոհի համար՝ այս ամենը կատակ բան չէ…
Արման Մելիքյան