Հարգելի գործընկերներ, երեկ ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց իմ և Նաիրա Զոհրաբյանի հեղինակած <<Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին>> ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:


Նախագիծը հարկ է բաժանել երկու մասի' հուշարձանի տեղափոխում և հուշարձանի փոփոխում: Հիմնական խնդիրը, որը կարգավորում է նախագիծը հուշարձանի տեղափոխումն է: Գործող կարգը թույլատրում է պատմության և մշակույթի հուշարձանը տեղափոխել 2 խումբ հիմքերով' 1. երբ անհրաժեշտ է կանխել հուշարձանի կորուստը և 2. քաղաքաշինական նպատակներով: Մենք առաջարկում ենք խստացնել կարգը և թույլ տալ տեղափոխել հուշարձանը միայն և բացառապես այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է հուշարձանի նյութական պահպանության , նրա կորուստը կանխելու համար:


Մենք առաջարկում ենք նաև հուշարձանի փոփոխմանը վերաբերող դրույթները կառավարության որոշումից բարձրացնել օրենքի մակարդակի, ինչպես նաև կատարել որոշ ճշգրտումներ, ինչը անկասկած առավել կայունություն և հրապարակային վերահսկողության հնարավորություն կհաղորդի այս հարաբերություններին:


Ի դեպ, այս հարցի հետ կապված դեռ աշխատանք պետք է կատարվի առաջինից երկրորդ ընթերցման փուլում, ինչ մասին ես նշել եմ նաև իմ ելույթում: Այն տարբերակը, որ կա փոփոխման մասով պետք է խմբագրվի: Սա անհրաժեշտ է, որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի փոփոխման հետ կապված մեր առաջարկի նպատակների և շարժառիթների մասին:

 

Արփինե Հովհաննիսյան