Հայաստանի ստեղծված իրավիճակի համար պատճառները շատ են, բայց իմ խորին համոզմամբ, ամենախոշորներից մեկն էլ այն է, որ մեր երկրում չկան խաղի հստակ կանոններ, թացն ու չորը խառնված են իրար, թանկն ու էժանը նույն գինն ունեն: Որպեսզի մի քիչ ավելի պատկերավոր խոսենք, ապա բերեմ օրինակ. Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնող շատ ու շատ մարդիկ հարկատուներս հաշվին արտասահմաններում ճանապարհորդում, ծառայողական մեքենաներ վարում, բարձր աշխատավարձներ են ստանում զուտ միայն այն բանի համար, որ կարողացել են ճիշտ մարդկանց «կպցնել», շահել նրանց բարյացկամությունը և դրան համապատասխան էլ բարձր դիրք զբաղեցնել երկրում: Ըստ էության՝ նման ոչ կոմպետենտ մարդկանց առկայությունը պետական համակարգում դառնում է բեռ հասարակ ժողովրդի ուսերին, քանզի այդ մարդիկ ոչնչով հաշվետու չեն ժողովրդին, այլ լուծում են նեղ անձնական հարցեր: Միայն այս փաստի առկայությունը մեր երկրի բնականոն զարգացմանը խիստ վնասող է: Որպեսզի ընկալելի լինի ասածս՝ խորհուրդ են տալիս բոլորիդ նայել թե, երիտասարդ պետական պաշտոնյաներից քանիսն են ԳՈՆԵ իրենց պարտքը տվել Հայրենիքին՝ անցնելով ժամկետային զինվորական ծառայություն, տեսեք, թե գիտությունների թեկնածի գիտ. աստիճան ունեցողների քանի տոկոսն է շարունակել զբաղվել գիտությամբ, քանզի պետությունն այդ պայմանով է նրանց ազատել բանակից, նայեք, թե ինչ են արել իրենք երկրի համար առհասարակ, գոնե փոքրիկ մի բան... Որն է նրանց արժանիքը, որ մեր հաշվին այսօր շատ լավ ընտանիք են պահում և օգտվում են կյանքի բարիքներից: Այստեղ ոչ մի այն սոցիալական անարդարություն կա, այլ կա նաև ազգային անվտանգության լրջագույն խնդիր: Այնպիսի տպավորություն է, կարծես պետությունը խրախուսում է բանակում ՉԾԱՌԱՅԵԼԸ, ես օդից մտքեր չեմ արտահայտում և խոսում եմ իրականության մասին, բացեք ԱԺ ի, կառավարության, ինչպես նաև առընթեր մարմինների աշխատակազմերի ղեկավարների կենսագրությունները և կհամոզվեք:
Զոհրապ Եգանյան