Դմիտրի Կիսելյովի մտահոգությունը Հայաստանում ռուսերեն լեզվի կարգավիճակի վերաբերյալ անհիմն է։


Հայաստանի Հանրապետությունում առկա է ուժի մեջ մտած դատական ակտ, որը ճանաչել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (նախկին «ՀայՌուսգազարդ») իրավունքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել գազի սակագինը հիմնավորող ռուսերեն լեզվով կազմված փաստաթղթեր՝ առանց զուգորդող թարգմանության։ Փաստորեն, ՀՀ Վարչական դատարանը ռուսերեն լեզվին շնորհել է պետական լեզվին հավասար կարգավիճակ։


Ներկայումս, այդ փաստը գտնվում է Ազգային Ժողովի կողմից ստեղծված «գազի և էլեկտրաէներգիայի սակագների»հանձնաժողովի ուսումնասիրության ոլորտում։ Կարեւոր հանգամանք է, որ ՀՀԿ-ն այդ հանձնաժողովում ունի 4 անդամ, իսկ «քառյակը» ՕԵԿ-ի հետ՝ 6 անդամ։


Եթե այդ հանձնաժողովը, ինչպես եւ դատարանը ուժի մեջ թողնի գազի եւ էլեկտրաէներգիայի 2014թ․ հաստատված սակագները, ապա դա կնշանակի, որ խորհրդարանական բոլոր ուժերը համաձայն են ռուսերեն լեզվի՝ պետականին իրավահավասար կարգավիճակին։ Այդ դեպքում հարկ կլինի ընդամենը Դմիտրի Կիսելյովի միջոցով իրազեկել Վլադիմիր Պուտինին, որ ռուսերեն լեզվի մասով «հանձնարարությունը» արդեն կատարված է, և Հայաստանի անվտանգությանը սպառնող այդ «կարևոր» հանգամանքը վերացված է։

 

 

Անդրիաս Ղուկասյան