Մինչ Արևմուտքը և Ռուսաստանը այս տարվա սկզբից զբաղված են Ուկրաինայում իրենց հարաբերությունները պարզելով, Իրաքի գրեթե կեսն ուղղակի նվաճված է «Իրաքի և Ասորիքի Իսլամական Պետության» կողմից, իսկ վերջինիս առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին աշխարհի ամենահարուստ ահաբեկիչն է, որի ղեկավարած կառույցին վերջին ռազմական հաջողություններից հետո բացի տարածքներից անցել են ոչ միայն հսկայական դրամական միջոցներ, այլ նաև նշանակալի քանակությամբ էներգակիրների աղբյուրներ:
Թուրք-սիրիական սահմանի արևելյան հատվածից և Դեյր ալ-Զորից մինչև Բաղդադին ընդհուպ հարող Ֆալլուջան և Իրաքի երկրորդ քաղաք Մոսուլն ընդգրկող լայնարձակ տարածքներն արդեն իսկ ալ-Բաղդադիի «ավազային կայսրության» մասեր են՝ «կայսրություն», որը արևմուտքից և հարավից փաստացիորեն սկսում է շրջափակել Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարությունը, իսկ արևմուտքից՝ մոտենում Միջագետքի սիրտ Բաղդադին:
Մերձավոր Արևելքում անընդհատ արտաքին միջամտությունների արդյունքում արդեն վաղուց արհեստականորեն խախտված առկա բնական հակամարտությունների ներքին կարգավորման մեխանիզմը, որը խարսխված էր ուժեղ պետական կենտրոնացման պայմաններում էթնիկ-դավանական խմբերի և դրանք ներկայացնող վերնախավերի միջև հենց կենտրոնից պարտադրվող ինչ-որ առումով նույնիսկ հավասարակշիռ հաշտության վրա, փոխարինվել է ոչ թե կարգավորման նոր կամ ավելի արդյունավետ համակարգով, այլ արդեն իսկ կառավարումից դուրս եկած անծայրածիր քաոսով, որտեղ հիմնական դերակատարները, ցավոք, դեմքերը փակած և տեղի-անտեղի «Ալլահու աքբար» գոռացող «քաոսային էակներն» են:
Վարդան Ոսկանյան