Ահա եւ խոստումս կատարեցի՝ հրապարակելով հայտարարությունս, որը երեկ չհնչեց..... Խնդրում եմ կարդան անսպառ եւ բարի հումոր ունեցողները
10.06.2014
Օսկար Ուայլդը մի լավ գործ ունի, որի վերնագիրը թարգմանությամբ նշանակում է «Որքան դժվար է ՜Էռնեստ լինելը», բառախաղի իմաստն այն է, որ էռնեստ նշանակում է լրջմիտ, նաեւ՝ տղամարդու հատուկ անուն է, չպատմեմ մեկ գործողությամբ պիեսի մանրամասները, բայց այսօրվա հետ զուգահեռ անցկացնելով, նկատում ես, որ այս նախադասությունը երիցս ճշմարիտ եւ արդիական է եւ իմ հարգելի գործընկերները քառյակից, իրավամբ, փորձում են պահել էռնեստ լինելու նշաձողը,աշխատելով ոչ իշխանական դաշտում, առայժմ փորձում են չկորցնել լրջմիտությունը, մասամբ՝ կարողանում են:
Հաջորդիվ չեմ պատրաստվում պատմել տասներկու աթոռի հայտնի պատմությունը, երբ տասներկու աթոռների նստատեղերը պատռելով ոմանք գանձ էին որոնում եւ, չգտնելով, անասելի բարկությամբ էին լցվում ոչ թե իրենք իրենց, այլ՝ աթոռների հանդեպ, որ ընդամենը աթոռ էին, բայց կարող էին ավելին դառնալ ու դարձնել:
Վերջապես քառյակի տասներկու կետանոց որոշումը հրապարակվեց եւ բոլորը վերստին համոզվեցին, որ մեզանում ոչինչ տեղի չի ունենում անմիջապես եւ հուժկու, որովհետեւ չկա դրա կարիքը, բոլորը հասկացել են, որ ցուրտը, շոգը, հորդառատ կամ մանր անձրևը տարվա եղանակները եւս դարձել են քաղաքականության մաս եւ հենց այդ պատճառով էլ որեւէ մեկը չի ցանկանում արեւի տակ իր տեղը ունենալու, արեւայրուք վաստակելու եւ գույնը փոխելու հաճուքից զրկել սեփական անձը՝ իրենց իսկ ձեւակերպումներով՝ համաժողովրդական, համազգային կամ թեկուզ՝ համաընկերվարական հարցերը լուծելու համար:
Մնում է եւս մեկ անգամ արձանագրել, որ մեզանում չկա եւ չի կարող լինել ինչ-որ բան փոխելու քառաձայն պահանջ , չկա , որովհետեւ փոխելու գործընթացը վաղուց սկսվել ու շարունակվում է եւ իրականացվում է նորանշանակ կառավարության կողմից եւ երկրի նախագահի անմիջական ցանկությամբ ու կամքով:
Այս նրբին իրավիճակում քառյակի գործողություններն ավելի քան ընկալելի են, իրենք իրենց չ-իշխանություն հայտարարած ուժերը փորձելով դասական ընդդիմադիրի կերպարի մեջ մտնել, հավաքվում են, գրում-ջնջում եւ երկնում մի թուղթ, որում եթե կա էլ արժեքավոր մի բան, դա երկար սպասվածն է, իսկ կարեւորն այն է, որ գրեթե այդ բոլոր հարցերը, մի բան էլ՝ ավելին, այսօր կառավարության օրակարգում կան, չնչին բացառություններով: Այո, դժվար է էռնեստ լինելը, այո, հեշտ չէ լրջմտությունը պահպանելը ամառվա շոգերից առաջ, աստիճանական, այո՝ ցավոտ, այո՝ երբեմն՝ վիրաբուժական միջամտություններով, բայց ՀՀ քաղաքացու կյանքի որակը փոխելուն, իշխանության եւ կառավարության նկատմամբ վստահությունը վերականգնելուն ուղղված են հենց իշխանության քայլերը , ուզենք, թե չունենք, հավատանք թե ոչ, գործընթացը սկսվել է եւ իրականացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:
Իսկ եթե մեր լրջմիտ գործընկերներին լիակատար երջանիկ լինելու համար պակասում է ընդդիմության մասին օրենքը, արժի այդ մասին մտածել, որ սիրելի չ-ընդդիմությունն այսուհետ իրեն չզգա օրենքից դուրս...... ճճճճճճճճճճճճճճճճ
Մարգարիտ Եսայան