Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի առաջին գործնական քայլերից մեկը շքեղության հարկի կասեցումն էր: Այսօր իմացա, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնությամբ խորհրդարան է մտցվում նոր օրենքի նախագիծ շքեղության հարկի մասին, որը ենթադրելու է շքեղության հարկ ոչ միայն շքեղ ավտոմեքենաների, այլ նաև շքեղ բնակարանների, շքեղ առանձնատների և այլ շքեղությունների նկատմամբ: Այսինքն՝ եթե դու շքեղ ես ապրում, պետք է ավելին տաս պետությանը, քան համեմատաբար աղքատ քաղաքացին: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ հարուստ մարդ է և, փաստորեն, այս օրենքի նախագիծը նաև հենց իր դեմ է ուղղված: Հովիկ Աբրահամյանը հանեց շքեղության հարկը PR նկատառումներից ելնելով, Արթուր Բաղդասարյանն առաջարկում է վերականգնել և ավելի խստացնել շքեղության հարկը դարձյալ PR նկատառումներից ելնելով: Հովիկ Աբրահամյանն իր քայլով պաշտպանեց հարուստների շահը, Արթուր Բաղդասարյանն իր առաջարկով հարվածում է հարուստներին: Ում PR-ը կհաղթի, ցույց կտա ժամանակը: Շքեղության հարկը սոցիալական բնույթի լրջագույն խնդիր է, որի կիրառությունը կա շատ զարգացած երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում 80 տոկոս, Բելգիայում 60 տոկոս, իսկ Հայաստանում կարող է լինել օրինակ 5 տոկոս:
Մենուա Հարությունյան