ՌՈՔՍՈԼԱՆԱ

 

Հայազգի Սինանի ամենահայտնի շինությունը, որով նա զարդարել է Կ. Պոլիսը՝ Սուլեյմանիե մզկիթն է, որն այդպես է անվանվել Սուլեյման Կանունի սուլթանի պատվին: Մզկիթին կից պարտեզում կա երկու դամբարան՝ սուլթանինը եւ նրա սիրելի կնոջ Ռոքսոլանայինը: Քիչ հեռու շինության հեղինակի՝ ճարտարապետ Սինանի համեստ գերեզմանն է:

 

Ռոքսոլանան մեծ դեր է կատարել երկրի կառավարման գործում եւ կայսրության պատմության մեջ: Նա եղել է միակ կինը, որը նշանակալի ազդեցություն է գործել օսմանյան կայսրության քաղաքականության վրա: Պոդոլից գերված այդ գեղեցկուհին եղել է ոչ այն է ռուս, ոչ այն է ուկրաինացի, իսկ գուցեեւ լեհուհի, ինչպես պնդում է Տ. Գաշտովտը: Լինելով սուլթանի հարեմի հարճը, մանկական տարիներից սովորելով տղամարդկանց գերելու՝ հարճերին դասավանդվող «արվեստը», նրան հաջողվել է գերել Սուլեյմանի սիրտը: Դառնալով սուլթանի կինը՝ դրանով չի բավարարվել, այլ ձգտել է լինել սուլթանի պաշտոնապես ճանաչված տիրուհին, կայսրության իշխանակիցը: Բայց դրա համար նրա հարազատ որդի Սելիմը պետք է հռչակվեր գահաժառանգ: Ռոքսոլանայի պլանների իրականացմանը խանգարում էր ոչ այնքան սուլթանի առաջին կինը՝ Գյուլբահարը, որքան նրա որդի Մուստաֆան՝ ենիչերիների եւ մեծ վեզիր Իբրահիմի սիրելին: Սուլթանը նախ մահվան գիրկն է ուղարկում մեծ վեզիր Իբրահիմին, թեեւ երդվել էր նրան, որ քանի դեռ ապրում է ինքը, ապրելու է նաեւ Իբրահիմը: Այնուհետեւ Սուլեյմանը հրամայում է սպանել իր սիրելի անդրանիկ որդուն՝ Մուստաֆային: Արշավանքներից մեկի ժամանակ նա որդուն կանչում է իր վրանը եւ վարագույրի հետեւից սառնասրտորեն դիտում, թե դահիճներն ինչպես են աղեղալարով խեղդում անակնկալի եկած գահաժառանգին:


Սելիմը հռչակվում է գահաժառանգ, իսկ Ռոքսոլանան գրավում պետության առաջին տիրուհու տեղը: Հարճից նա դառնում է սուլթանուհի: Սուլեյմանի մահից հետո գահին է բազմում որդին՝ Սելիմ Բ-ն, որը պատմության մեջ հայտնի է «հարբեցող», «ազնիվ» մականուններով: Նրա կառավարման շրջանը ազդարարում է Օսմանյան կայսրության անկման սկիզբը:

 

Լուսանկարում' Ռոքսոլանայի դամբարանը /Կ. Պոլիս/