ՇՏԱՊ. Օրինաց երկիրը լուծարվում է

Հայաստանի քաղաքական դաշտում հետաքրքիր իրողություններ են տեղի ունենում: Հետաքրքիր այն իմաստով, որ արդեն չգիտես, թե ով ում հակառակորդն է, ով ում դաշնակիցն է: Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը մի կողմից ամեն գնով իր կողքին է պահում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, նույնիսկ շանտաժի ենթարկում, թե վերջին 2 տարվա ընթացքում ձեռք բերած հեղինակությունդ կկորցնես, եթե կուլ տաս Սերժ Սարգսյանի նետած խայծը: Այսինքն ուզում է ասել, որ /ուշադրություն դարձրեք/ վերջին 2 տարում իմ /ԼՏՊ/ շնորհիվ ձեռք բերած հեղինակությունդ կխլեմ' քեզ /Գ. Ծառուկյան/ նորից մեղադրելով ավազակապետության հիմնասյուն լինելու, մարտի մեկին մասնակցության և այլ մեղքերի մեջ: Մյուս կողմից Տեր-Պետրոսյանը անխնա քննադատում է Ծառուկյանի խնամուն' վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Տարօրինակ է, չէ՞: Տիգրան Սարգսյանին պաշտոնանկության օպերացիան գլուխ բերելուց հետո, ԼՏՊ-ն, Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը և քառյակը սկսել են նոր խաղ' դեռևս անհայտ նպատակներով: Լավ դրան դեռ կանրադառնանք, բայց հիմա ուզում եմ խոսել մի այլ կուսակցության մասին: Չէ, Հանրապետականի մասին չէ: Սրանց մասով ամեն ինչ պարզ է:

 

Այ...գուշակեցիք' իհարկե Օրինաց երկրի: Կոալիցիոն լուծը թոթափելուց և, ըստ Արթուր Բաղդասարյանի ազատություն ստանալուց հետո, այս կուսակցությունը հետաքրքիր ու աշխատող մարտավարություն է որդեգրել: Նա, ըստ էության, չի խառնվում քաղաքական խարդավանքներին, առուծախին և խաղերին: Կարծես թե «իր աջը քաշած» ինքնուրույն օրակարգ է մշակել և յուրովի պայքարում է պարտադիր կուտակայինի, 100 տոկոս համամասնական ընտրական համակարգի անցման, ավտոմեքենաների տեխզնման վերացման, տուգանքների չափերի նվազման և այլ նմանատիպ իսկապես արատավոր խնդիրների դեմ: Բան չունեմ ասելու, թող պայքարեն, վատ բան չեն անում: Թե ինչ դրանից կշահի Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը և մեր ժողովուրդը ժամանակը ցույց կտա:

 

Դա մի կողմ: Հետաքրքիր կուսակցություն է այս ՕԵԿ-ը: Կատվի նման է, ինչ բարձրությունից գցում ես' ոտքի վրա է կանգնում: Իր ստեղծման օրվանից ինչքան քաղաքագետներ, առանձին գործիչներ, սովորական մարդիկ երևի մի 100 000 անգամ առիթ ունեցել են կանխատեսելու, որ վերջ' ՕԵԿ-ը լուծարվում է, տրաքում է, մյուս ընտրություններում նույնիսկ 5 տոկոսի շեմը չի հաղթահարի: Բայց... բայց արի ու տես, որ այս կուսակցությանը դեռ վստահում են, ընտրություններին էլ ձայն են տալիս:

 

Օրինաց երկրի ֆենոմենը, ինչպես կասեր Քերթողահայր Խորենացին, էզոտերիկ է /յուրատեսակ, բացառիկ/ մեր քաղաքական պատմության մեջ: Այս կուսակցությանը ինչքան քննադատում են, «քամում» են, այնքան ավելի է ակտիվանում ու կենսունակ դառնում:

 

Հիմա էլ եկել ու ընդդիմության դատարկ դաշտն է գրավում: Այն դաշտը, որը քառյակը հետևողականորեն փոշիացնում է: Այսքանով հանդերձ, 100001-երորդը ես լինեմ' Օրինաց երկիրը հիմա ամեն ինչ անում է հետ բերելու կորցրածը, նորից հանրության մեծ աջակցությունը ստանալու համար: Ու, կարծում եմ, նա հաջողություն կունենա:

 

Ինչա ասելիքս, հիմա էլ հակառակը ասենք, տեսնենք կախարդանքի ուժը այս անգամ հակառակ տեսքով ինչպես կաշխատի, թե չէ ինչքան ասում ենք ՕԵԿ-ը կործանվում է, այնքան հակառակը' ակտիվանում ու ուժեղանում է:

 

 

Արայիկ Արամյան