Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող «Գրանդ Տոբակո» և «Գրանդ Քենդի» ընկերություններ: Նախագահը շրջել է արտադրամասերում, ծանոթացել հայրենական արտադրության առաջատարներից մեկը համարվող այդ ընկերության կողմից կատարված ներդրումներին ու գործարանի արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին: Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ընկերությունները շարունակում են հաջողությամբ իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը' hավատարիմ մնալով Հրանտ Վարդանյանի կողմից ձևավորված գործարար ավանդույթներին, ինչի մասին են վկայում 2014թ. առաջին հինգ ամիսներին գրանցված տնտեսական ցուցանիշները:
Պատասխանատուների հավաստմամբ, պլանավորված է աճի նույն տեմպերը պահպանել ամբողջ տարվա ընթացքում: «Գրանդ Տոբակոյում», ըստ ընկերության ղեկավարության, 2014թ. ընթացքում պլանավորված նոր հոսքագծերի ձեռքբերման հետ կապված կստեղծվի մոտ 100-130 նոր աշխատատեղ: Հոլդինգի մյուս ընկերությունում՝ «Գրանդ Քենդիում» Հանրապետության Նախագահին տեղեկացրել են, որ ընկերության կողմից արտադրվող 410 ապրանքատեսականին մինչև տարեվերջ կհամալրվի առնվազն 15-ով: «Գրանդ Քենդիում» աշխատատեղերի թիվը ներկայումս 3 100 է, որն ընկերության ղեկավարությունը ծրագրում է մինչև տարեվերջ ավելացնել ևս 150-ով: Ընդհանուր առմամբ, «Գրանդ Հոլդինգում» ներկայումս աշխատում է շուրջ 6 500 մարդ:
Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Գրանդ Հոլդինգի» ղեկավար անձնակազմի հետ: Հանրապետության Նախագահը ողջունել է ընկերության զարգացման ուղղությամբ շարունակաբար իրականացվող քայլերն ու հաջողություններ մաղթել «Գրանդ Հոլդինգին»:
Էդիկ Հովսեփյան