Ուղիղ 25 տարի առաջ Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, որոնց հետևանքով ավելի քան հազար հոգի զոհվեց: Ի սկզբանե ուսանողական ցույցերը վերաճեցին զանգվածային միտինգի, որը տևեց ավելի քան երկու շաբաթ և հանգուցալուծվեց հունիսի 4-ին, երբ չինական բանակային ստորաբաժանումների օգնությամբ ի վերջո հաջողվեց ցրել մարդկանց: Իհարկե ցույցերի ցրումը հնարավոր չեղավ իրագործել առանց մարդկային հսկայական կորուստների: Ըստ էության, երկրում տնտեսության լճացումը, որը հիշեցնում էր ԽՍՀՄ-ի վերջին տարիները, արդարացի բողոք էր առաջացրել բնակչության շրջանում: Մյուս կողմից այս գործընթացը պարունակում էր գունավոր հեղափոխություններին բնորոշ տարրեր, և պարզից էլ պարզ էր, որ զուտ սոցիալական անարդարությունից դժգոհող մարդիկ սկսեցին պահանջել իշխանությունների հրաժարականը:

Չինական ռեժիմը, գնաց ծայրահեղ քայլերի, դաժանորեն ցրելով ցուցարարներին, սակայն փաստացիորեն այն 《Չինական տնտեսական հրաշքի》 սկիզբը հանդիսացավ, քանի որ իշխանությունները հանձին Դեն Սյաոպինի հասկացան, որ Մաո Ցզեդունի կոմունիստական իդեոլոգիան երկար կյանք չունի, և անհրաժեշտ է շտապ տնտեսական ռեֆորմներ իրականացնել: Բացի դրանից, 80-ական թվականների վերջում կոմունիստական ճամբարի փլուզումը լուրջ ահազանգ էր չինական իշխանությունների համար:

Այսպիսով Դեն Սյաոպինը մշակեց այպես կոչված 《չինական առանձնահատկություններով սոցիալիզմի》գաղափարախոսությունը, համաձայն որի անհրաժեշտ էր ազատականացնել տնտեսությունը' քաղաքական համակարգը թողնելով նույնը: Նրան հաջողվեց իրականացնել այդ ծրագիրը, որը Չինաստանը դարձրեց աշխարհի ամենազարգացած տնտեսություններից մեկը: Այսպիսով Տյանանմենի ողբերգական դեպքերը յուրովի դաս հանդիսացան Չինաստանի համար: Երկիրը կարողացավ առանց լուրջ ցնցումների հեղափոխել կոմունիստական գաղափարախոսությունը, այսինքն այն, ինչը չհաջողվեց սոցիալիստական ճամբարի մյուս երկրներին ու մասնավորապես ԽՍՀՄ-ին:

Իհարկե մարդկային կորուստները ոչ մի կերպ չի կարելի արդարացնել, սակայն եթե Չինաստանում տեղի ունենար հեղափոխություն, ապա այն կբերեր հարյուրապատիկ անգամ շատ զոհերի, օլիգարխների ու հակաազգային տարերի իշխանությանը, ինչպես Խորհրդային միության գրեթե բոլոր երկրներում, իսկ տնտեսությունը ուղղակի կոչնչանար, ինչպես Արևելյան Եվրոպայի շատ երկրներում: Իսկ այժմ երկրագնդի վրա այդպիսի վայր չկա, որտեղ չինական ապրանքներ չներկրվեն: Հիրավի ֆենոմենալ ժողովուրդ!

 

 

Սարգիս Ասատրյան