1970թ. դեկտեմբերի 7-ին աշխարհը փոխվեց: Այն այլևս այն չէր, ինչ մեկ օր առաջ: Այն փոխեց մեկ մարդ' Գերմանիայի դաշնային հանրապետության կանցլեր Վիլլի Բրանդտը: Փոխեց ընդամենը մեկ քայլով:1970թ. դեկտեմբերին ԳԴՀ՝ Արևմտյան Գերմանիայի կանցլերը ժամանել էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա: Պաշտոնական արարողությունից հետո նախատեսված էր Արևմտյան Գերմանիայի կառավարության ղեկավարի կողմից Վարշավայում անհայտ զինվորի արձանին և Հրեական գետտոյի ապստամբության հերոսների հուշարձանների այցելություն: Եվ հենց գետտոյի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցավ այն, ինչ փոխեց աշխարհը: Հերոսների հիշատակին նվիրված պսակի տեղադրման արարողությունից հետո, Բրանդտը ետ քայլ արեց, մի պահ անշարժացավ… ծնկի իջավ, և, ձեռքելը խաչելով, խոնարհվեց: Թե՛ լեհական և թե՛ գերմանական կողմերը միաբերան հաստատում են, որ կանցլերի այս քայլը որևէ կերպ «չէր համաձայնեցվել»:

 

Մեծ քաղաքական գործիչը, իր քայլով առանց ամպագորգոռ բառերի ասաց' «սա մեր ընդհանուր ցավն է»:

«Ես զգացի, որ ուղղակի ծնկի իջնելը բավավարար չէ»,- իր անմահ քայլից հետո ասել է Վիլլի Բրանդտը:

Ընդամենը 8 բառ: Սակայն դրանք լիովին փոխանցում են հրեա և գերմանացի ժողովուրդների' այս ամենից հետո կասկած չհարուցող ցավի ընդհանրությունը: Արդյո՞ք հայ և թուրք ժողովուրդները զգացին նույն բանը, երբ ընթերցեցին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսաներեքյան ուղերձը: Պատասխանը կարծում եմ' ակնհայտ է: Սակայն այստեղ բաց է մնում այն հարցը, թե արդյո՞ք նամակի հեղինակը հետապնդում էր և ի վիճակի՞ էր արդյոք ընդհանրապես հետապնդել սույն նպատակը:Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին ունեցած ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրեց Թուրքիայի ապագա նախագահին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին այցելել Հայաստան:

«Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից' պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»,- ասել է ՀՀ նախագահը:

 

Հայաստանի Հանրապետության ղեկավարը, ըստ էության, ցույց տվեց Թուրքիայի քաղաքական շրջանակներին, այդ թվում ապագա նախագահին (ով, ամենայն հավանականությամբ հենց Էրդողանն է լինելու) ապաշխարհանքի Բրանդտյան միակ ճիշտ ճանապարհը: Կընտրե՞ն արդյոք նրանք այն ուղղին' այս պահին դժվար է ասել:

«Ապաշխարհանքի կանցլերին» նույնպես հեշտ չտրվեց այդ որոշումը: Նրան մինչ այդ էլ Բոննում անվանում էին «Կանցլերի աթոռում նստած նորվեգացի մայոր» միայն այն բանի համար, որ հայտնի հակաֆաշիստական այլախոհը քաղաքական ապաստան էր ստացել Նորվեգիայում և տեղի ինքնապաշտպանական ուժերի կազմում պայքար էր մղել ֆաշիզմի դեմ: Բրանդտին ուղղված «օտար» լինելու մեղադրանքներից անմասն չէր մնացել նույնիսկ ԳԴՀ առաջին կանցլեր Կոնրադ Ադենաուերը:

 

Սակայն մեծ քաղաքական գործչին միջակությունից առանձնացնում է առաջին հերթին սեփական համոզմունքների համար դժվար որոշումներ կայացնելու ունակությունը: Եվ հենց այն պահին երբ սեփական հայրենիքում որոշ շրջանակներ նրան «դավաճան» էին հայտարարում, Բրանդտը ԳԴՀ-ի ղեկավարներից առաջինը այցելում է Իսրայել: Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված Երուսաղեմի Յադ վա-Շեմ հուշահամալիր նա այցելում է ուղղափառ հրեայի գլխարկով, բացում է սաղմոսագիրքը և բարձրաձայն ընթերցում 103-րդ սաղմոսից մի հատված:

«Մենք գործել ենք մեղքեր և հանցագործությունները, Տեր Աստված' ներիր մեզ»:

Եվ հենց Իսրայելում Բրանդտը հնչեցնում է իր, թերևս, ամենանշանավոր միտքը' «Չկա ազգ, որը կարողանա խուսափել սեփական պատմությունից»:

Կընդունե՞ն արդյոք, թե՞ ոչ Թուրքայի իշխանությունները մեծ գործչի խորհուրդը' ցույց կտա ժամանակը: Հնարավորությունն առկա է, իսկ կամքը' պարզապես անհրաժեշտ:

 

 

Կարեն Ղազարյան