Թուրքիայում հիմա կարևոր հարցերից մեկը ներկայիս նախագահ Գյուլին համոզելն է՝ դառնալու Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ, որպեսզի Էրդողանը հանգիստ սրտով դառնա երկրի նախագահ: ԱԶԿ-ում էրդողանամերձ շրջանակները ամեն կերպ ցանկանում են Գյուլին ներկայացնել ԱԶԿ-ի նախագահի պաշտոնին կամ ավելի պարզ հեռացնելու ընտրական գործընթացներից՝ Էրդողանի նախագահական հավակնությունները բավարարելու համար: ԱԶԿ-ից նախագահի թեկնածուի հարցը բաց է մնում Էրդողան-Գյուլ հարաբերությունների համատեքստում, իսկ Գյուլի հանրային ընկալումն ու աջակցությունը բավական մեծ է: Ուստի, առաջնային է դիտարկվում Գյուլի դիրքորոշումը: Ամենայն հավանականությամբ հենց այդ սցենարն էլ կլինի: Նախագահ Էրդողանը վարչապետի պաշտոնն ամենայն հավանականությամբ կզիջի փոխվարչապետ Բյուլենթ Արընչին՝ միգուցե կարճ ժամանակով: Քննարկվում է նաև արտգործնախարար Դավութօղլուի թեկնածությունը, որին առավել հակված է Էրդողանը: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, որը բանակցում է միասնական թեկնածուի առաջադրման շուրջ, ընտրություններում չի կարող մրցակից լինել Էրդողանին:
Լևոն Հովսեփյան