Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում Արևմուտքում առավել հաճախ հնչող մտավախություններն առ այն, որ սիրիական ճգնաժամի ազդեցությամբ անցած երեք տարիներին աշխարհի տարբեր երկրներում նկատվող իսլամական ծայրահեղ արմատական հոսանքների ակտիվացումը, երկրագնդի տարբեր հատածներից իսլամական ծայրահեղականների մուտքը մերձավորարևելյան այդ երկիր ու սիրիական «ջիհադին» մասնակցության օրեցօր աճող փաստերը վատագույն հետևանքներ կունենան նաև հենց արևմտյան պետությունների համար, արդեն ապացուցվում է փաստերով:
Այն հանգամանքը, որ Սիրիայի տարածքում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում բավականաչափ մարտական ներուժ և ահաբեկչական գործողություններ իրականացնելու փորձ ձեռքբերած իսլամականները նման քայլերի կդիմեն մերձավորարևելյան, արևմտաեվրոպական, ամերիկյան և այլ պետություններում, կարծես, իրականություն է դառնում:

 


Պարզվում է, որ ս.թ. մայիսի 24-ին Բրյուսելի հրեական թանգարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման (անկանոն կրակահերթի պատճառով սպանվել էր 4 մարդ՝ իսրայելցի ամուսնական զույգը և թանգարանի 2 աշխատակիցները) հեղինակը Ֆրանսիայում մշտապես բնակվող, հակակառավարական ուժերի շարքերում սիրիական հակամարտությանը մասնակցած 29 ամյա Մահդի Նեմուշն է. վերջինս հունիսի 1-ին ձերբակալվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Իսկ վերջին օրերին սիրիական պատերազմին մասնակցելու կասկածանքով ֆրանսիական հատուկ ծառայությունների կողմից ևս 4 անձինք են ձերբակալվել Փարիզում ու երկրի հարավում: Ահաբեկչական սպառնալիքի մասին են բարձրաձայնում նաև բրիտանական, բելգիական, հոլանդական, գերմանական, ինչպես նաև ԵՄ անդամ այլ պետությունների անվտանգության մարմինները:
Ինչ խոսք, կասկածից վեր է, որ այս տագնապը դեռ երկար ժամանակ է անհանգիստ պահելու ժամանակին մատների արանքով ծայրահեղական տրամադրությունների աճին նայած հաճախ նաև խրախուսած արևմտյան և մերձավորարևելյան բազմաթիվ պետությունների:

 

 

Արմեն Պետրոսյան