Նազարբաևը համարվում է Եվրասիական միության գաղափարահայրերից մեկը (չնայած դժվար է պատկերացնել, թե բյուրոկրատական ավտորիտարիզմի գաղափարակիրն ինչպես կարող է կենսունակ միջազգային կառույց կամ դաշնակցային, ինտեգրատիվ հարաբերությունների մոդել հղանալ), սակայն, ինչպես երևաց Աստանայում, կարդաց դրա քաղաքական վախճանի մահախոսականը՝ գաղափարա-քաղաքականից թողնելով միայն տնտեսականը: Գուցե, փորձառու աթան լավ հասկանում է, որ առանց քաղաքական բովանդակության նման կառույցները, հատկապես տնտեսական հենքով, նման են առանց հիմքի վերնաշենքի: Հիմա Պուտինը պետք է համբերատար սպասի մինչև Հայաստանի, Ղրղզստանի և, գուցե, Ադրբեջանի անդամակցության հարցի լուծմանը, որից հետո կկարողանա անցնել եվրասիական ինտեգրացիոն քաղաքականության մշակմանը: Իսկ Հայաստանին ու Ղրղզստանին ստիպված է սպասել՝ առնվազն մի քանի պատճառով.


1. կառուցվածքային ամբողջականության հստակեցում. գործընթացային ամբողջականացում,


2. այսպես կոչված՝ "ներքին դիվանագիտական ապահովում", այսինքն՝ իրեն ավելի լոյալ պետությունների հավաքագրում, միևնույն ժամանակ, որից բխում է հաջորդ պատճառը,


3. քիչ թվով անդամների պարագան լրջորեն կաշկանդում է Կրեմլի ազատորեն գործելու հնարավորությունը, քանզի ղազախա-բելառուսական տանդեմն ի զորու է քանդելու եվրասիական բոլոր պրոյեկտները՝ չլսված, բայց գոյություն ունեցող Եվրասիական տնտեսական ընկերակցությունից մինչև՝ ամենահնչեղ, բայց դեռևս չգործող Եվրասիական տնտեսական միություն,


4.սեփական քաղաքական պրոյեկտների նկատմամբ վստահություն, քանի որ որքան շատ լինեն մասնակիցները, այնքան կլրջանա աշխարհաքաղաքական նշանակությունը, կբարձրանա քաղաքականության գործընթացային մակարդակը, կմեծանա ստրատեգիական նշանակությունը:


Իսկ հիմա Ղազախստանն ու Բելառուսը լավ օգտվում են Ռուսաստանի միայնակությունից ու նաև իրենց անվտանգության և շահերի հնարավորինս բարձր ռեալիզացիայի համար փորձում են վերջինիս ճնշել՝ լավ հասկանալով, որ ներկա փուլում Կրեմլը չի հակադարձի: Հնարավորություններ կամ դրանց ստեղծում միջազգային հարաբերություններում միշտ էլ կան:

 

 

Արման Սահակյան