Երբ ես գրում եմ՝ ՙայսօր հնչել է ընդդիմադիր քառյակի վերջին զանգը:
ՙՀրաշալիները՚ 12 կետանոց պահանջ են ներկայացրել իշխանությանն ու գնացել են ամառային հանգստի՚, իմ որոշ ընդդիմադիր ընկերներ նեղանում են, նույնիսկ ինձ մեղադրում են, թե կատարում եմ իշխանության պատվերը:
Սակայն եթե հումորը թողնենք մի կողմ, ասվածն իրականություն է:
Համատեղ փաստաթուղթ մշակելը՝ դրական երևույթ է. ի վերջո այնքան էլ հեշտ բան չէ չորս կուսակցությունով համաձայնության գալ 12 կետի շուրջ:

 

Բայց համատեղ գործողությունների շուրջ քառյակը դժվար է համաձայնության գալիս ու իշխանությանը ժամանակ տալու մասին խոսակցությունները նման են հեքիաթի:
Բայց՝ վտանգավոր հեքիաթի, որովհետև կարող է տպավորություն ստեղծվել, որ, ասենք, վարչապետի փոփոխությունը երկրում հիմք է դրել համակարգային բարեփոխումների:
Իսկ իրականությունն ավելի պարզ ու տեսանելի է, քան՝ քառյակի անդամ կուսակցությունների ղեկավարների խուճուճ բացատրությունները:
Ի սկզբանե պարզ էր, որ չորս կուսակցություններին չէր կարող միավորել ամբողջական իշախանափոխության գաղափարը, որովհետև գոնե ես չեմ լսել, որ, ասենք, ԲՀԿ-ն կամ ՀՅԴ-ն հրապարակավ դնեն Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը:

 


Ըստ այդմ, չորս կուսակցությունները գտան միավորման ավելի անշառ առանցք՝ պահանջելով Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Էհ, հանրապետականների զգալի մասն էլ էդ պահանջը պատերի տակ էր փսփսում:
Հովիկ Աբրահամյանը վարչապետ դարձավ գերազանցապես այն բանի շնորհիվ, որովհետև քառյակի շարժիչ ուժ ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամին է:
Գուցե խնամիական հարաբերությունները քաղաքական կատեգորիա չեն, բայց Հայաստանում քաղաքական կատեգորիաներով վաղուց ոչ ոք չի էլ առաջնորդվում:
Նոր վարչապետի անձը քաղաքական նոր իրավիճակ ստեղծեց. ԲՀԿ-ն այլևս նախկինի պես չի կարող քննադատել կառավարությանը, նշաձողն էլ բարձրացնել չի կարող:
Երկու պատճառով:

 


Նախ՝ արմատական իշխանափոխության պահանջը կարող է պառակտել կուսակցությունը, և հետո՝ կվերանա այն մոտիվացիան, որը Արգամիչին պարգևել է վարչապետի պաշտոնը:
Վերջինիս, ի դեպ, քառյակի ֆորմալ գոյությունը, համատեղ հայտարարություններն օդի ու ջրի պես պետք են, որպեսզի քաղաքական միջնորդի ինստիտոիտի միջոցով ամրապնդի իր դիրքերը:
Նախագահին էլ Արգամիչն է պետք, որպեսզի քառյակը ԱԺ պատերի ներսում մնա ու փողոց դուրս գալով՝ չդառնա, ասենք, 40000յակ:

 


Ստացվում է, որ հայտնի քաղաքագիտական վերլուծության գլխավոր արդյունքն ոչ թե հասարակության ու բուրժուազիայի դաշինքն էր, այլ՝ քաղաքական դաշտի ավելի փոշիացումը, որի հետևաքով այլևս անհասկանալի է գործող կառավարության ու իշխող կուսակցության կապը, լղոզված են ընդդիմության պահանջներն ու դրանց հասցեատերը:
Բայց դա էական չէ. կարևորն այն է, որ Հայաստանում արդեն ամառային ճոխ հանգստի հնարավորություն ունեն ոչ միայն իշխանության, այլ նաև՝ ՙհրաշալի քառյակի՚ ներկայացուցիչները:

 

 

 

Սուրեն Սուրենյանց