Սերժ Սարգսյանն անդրադառնալով Նազարբաևի կողմից ընթերցված Ալիեւի նամակին՝ կապված միության անդամակցելու դեպքում Հայաստանի սահմանների և ԼՂՀ-ն ևս այդ սահմաններում ներառելու խնդրի հետ, այսօր հայտարարել է. «Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»:
Մի կողմ թողնելով Սերժ Սարգսյանի բացատրության բովանդակային կողմը՝ օգուտների ու վնասների մասին, հարցնենք, թե ինչու՞ նա Աստանայում «էն գլխից» Նազարբաեւին ու համայն աշխարհին չասաց, թե «սխալ է սահմանների մասին խոսելը», եւ հիմա եկել էս գլխից է իր դատողություններն անում...
Այնտեղ չկողմնորոշվե՞ց, թե համարձակությունը չհերիքեց գոնե մի երկու բառ ասել, այլ ոչ թե կուլ տալ «տհաճությունը»՝ իր խոսքով ասած...

 


Համլետ Կիրակոսյան