Նազարբաևի հայտարարությունից հետո վրդովված կամ ոգևորված որևէ մեկը կարդացե՞լ է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Չէ վստահաբար:
Այնտեղ կան հստակ դրույթներ, որ ԵՏՄ անդամ պետությունները կարող են առանձին դեպքերում միությունից դուրս երկրների համար սահմանել տնտեսական արտոնություններ, ձևավորել ազատ տնտեսական գոտիներ: Անգամ կետեր կան, որ միության անդամ պետությունը կարող է սահմանափակումներ մտցնել անդամ մյուս պետության նկատմամբ' ելնելով քաղաքացիների և պետության անվտանգությունից:
Այդ պայմանագրով ԵՏՄ-ն ավելի շատ միջազգային կազմակերպություն է, քան վերազգային միություն: Արտաքին շատ հարցերում պետությունները պահպանում են ինքնիշխան լիազորությունները:
Դա զուտ պայմանագրային առումով: Մյուս կողմից' որևէ մաքսակետ չի կարող դրվել մի երկրի միջև, որին չես ճանաչում' որպես իրավունքի սուբյեկտ: Այդպես է նաև միջազգային պրակտիկայում: Եվրամիության տնտեսական տարածքում էլ կան հակամարտություններ, չճանաչված պետություններ, բայց նրանք փաստացի այդ տարածքի մեջ են' չնայած, որ չեն ճանաչվել և չեն անդամակցել ՄԱԿ-ին (Կոսովո, Հյուսիսային Կիպրոս):
Արցախի խնդիրը Եվրասիական տնտեսական միությունում կլուծվի ճիշտ այնպես, ինչպես Ղրիմի խնդիրը Ռուսաստանի դեպքում: Ղրիմը ՌԴ-ից բացի դեռ ոչ ոք դե յուրե չի ճանաչել Ռուսաստանի կազմում:
Եվ Նազարբաևը սխալ բան չի ասել: Իսկապես ՀՀ-ն չի ճանաչում ԼՂՀ-ն իր կազմում, այլ դե ֆակտո ճանաչում է անկախ պետություն և իսկապես ՀՀ-ն միջազգային կառույցներին անդամակցել է միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Ի դեպ Նազարբաևը Արցախի կամ Ղարաբաղի անուն ընդհանրապես չի տվել ու չի ասել, թե այն ում կազմում է կամ ինչ կարգավիճակում:
Այնուամենայնիվ խնդիրը կա, խնդիրը նուրբ խնդիր է և խնդիրը կլուծվի: Հայաստանն ու Արցախը մեկ միասնական տնտեսական տարածք են և այդպես էլ կշարունակեն լինել' անկախ նրանից, թե ինչ նամակներ կգրի Ալիևը և ինչպես իրականում դիվանագիտորեն հարցը կբացի ու մի օր աննկատ կփակի Նազարբաևը:
Տիգրան Խաչատրյան